Յունիբանկը ընդլայնում է համագործակցությունը գերմանական KfW բանկի հետ եւ ՓՄՁ-ների համար սկսում է իրականացնել նոր վարկային ծրագիր: Ծրագրի շրջանակում մշակվել է երկու վարկատեսակ՝ «Անգրավ ՄՓՄՁ» եւ «ՄՓՄՁ», որոնք թույլ կտան միջին, փոքր եւ միկրո ձեռնարկություններին կապիտալ ներդրումների եւ ընթացիկ ծախսերի համար ստանալ վարկային միջոցներ: «Անգրավ ՄՓՄՁ» վարկի գումարը կազմում է մինչեւ 5 մլն ՀՀ դրամ, մարման ժամկետը՝ մինչեւ 60 ամիս, տարեկան տոկոսադրույքը՝ մինչեւ 12%: Այս վարկատեսակը նախատեսված է անհատ ձեռներեցների եւ իրավաբանական անձանց համար, որոնք ցանկանում են օպտիմալացնել ֆինանսական ծախսերը եւ խուսափել կադաստրային, նոտարական եւ գրավի ապահովագրության հետ կապված լրացուցիչ ծախսերից: Անհրաժեշտության դեպքում գրավի դիմաց այս վարկի գումարը կարող է ավելացվել մինչեւ 1 միլիոն ՀՀ դրամով: Ավելի մեծ ներդրումների պահանջ ունեցող ձեռնարկություններին Յունիբանկը առաջարկում է «ՄՓՄՁ» վարկը: Վարկը տրամադրվում է մինչեւ 12% տարեկան տոկոսադրույքով եւ մինչեւ 60 ամիս մարման ժամկետով: Վարկի գումարը կազմում է մինչեւ 160 միլիոն ՀՀ դրամ: Որպես գրավ ընդունվում են անշարժ եւ շարժական գույքը, ապրանքանյութական պաշարները, շրջանառու միջոցները եւ այլն: «Մեր ծրագրի հիմնական նպատակն է բիզնեսին առաջարկել առավել ճկուն պայմաններ: Մենք հասկանում ենք, թե որքան կարեւոր է բիզնեսի յուրաքանչյուր ոլորտի առանձնահատկություններն ու կարիքները` մատչելի եւ արդյունավետ վարկատեսակ մշակելու համար: Ճիշտ ժամանակին ֆինանսավորումը, անհատական մոտեցումը եւ շահավետ պայմանները թույլ են տալիս մեր հաճախորդներին հնարավորինս արդյունավետ օգտագործել վարկային միջոցները եւ հասնել աճի եւ զարգացման նոր մակարդակի»,- ասել է Յունիբանկի կորպորատիվ բիզնեսի զարգացման եւ վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը: 2021 թվականի առաջին եռամսյակում Յունիբանկի կողմից տրամադրված բիզնես վարկերի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9% -ով: Բիզնես վարկերի պորտֆելն այս տարվա մարտի վերջին կազմել է շուրջ 71,5 մլրդ դրամ: Tweet Դիտում՝ 6791