Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «բյուջետային գործերը վատ չեն եւ հարկային եկամուտների հավաքագրումներն իրականացվում են առաջանցիկ տեմպերով»: Պետական բյուջեի ընթացիկ վիճակի վերաբերյալ այսօր անցկացրած խորհրդակցության ժամանակ նա նշել է. «Հիմա ակնհայտ է, որ հարկային եկամուտները գերակատարելու ենք նաեւ երկրորդ եռամսյակում, այսինքն՝ կիսամյակում, թե ինչքա՞ն, այսօր երեկոյան վերջնական պարզ կլինի: Որքան էլ տարօրինակ հնչի, ես ավելի շատ խնդիրներ տեսնում եմ մեր ծախսային հատվածում, որովհետեւ ծախսերի արդյունավետությունն ընդհանրապես շատ լուրջ խնդիր է, եւ այդ խնդրի լուծման ինստիտուցիոնալ համակարգերի մասին մենք պետք է անպայման մտածենք, որովհետեւ ծախսերի արդյունավետությունը նաեւ տնտեսական ակտիվության, բյուջեի եկամտային մասի ապահովման շատ լուրջ, առանցքային խթաններից մեկն է: Սովորաբար ավելի լայն ուշադրություն եւ հետաքրքրություն լինում է եկամտային մասի նկատմամբ, նկատի ունեմ հանրային շրջանակներում, բայց իրականում ծախսային հատվածները նույնպես շատ կարեւոր են»: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կառավարությունը պետք է տնտեսությունը խթանելու քաղաքականությունը դարձնի առավել արդյունավետ, այդ թվում՝ տնտեսվարողների համար նոր շուկաներ մուտք գործելու հնարավորություններ ստեղծելու միջոցով: Նա պատասխանատուներին հանձնարարել է այսօրվանից սկսել դպրոցների, մանկապարտեզների, ջրամբարների, ճանապարհների կառուցման համար անհրաժեշտ համապատասխան կազմակերպությունների, այդ թվում՝ արտերկրից ներգրավման աշխատանքները, դրա համար գնումների ոլորտում ապահովելով անհրաժեշտ օրենսդրական լուծումներ: Tweet Դիտում՝ 895