Երեւան /Մեդիամաքս/. “Վրացական Ներդրումային Խմբի” գլխավոր տնօրեն Դավիդ Ասլանիշվիլիի հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը եւ Banks.am պորտալին##“Վրացական Ներդրումային Խումբ” ՍՊԸ-ն հիմնադրվել է 2004 թվականին: 2007 թ. արդյունքներով խմբին բաժնին էր ընկնում Վրաստանի ֆոնդային շուկայի շրջանառության 27,62%-ը, ողջ դրամական շրջանառության 39,60%-ը եւ բոլոր գործարքների 42,86%-ը: Խմբի հաճախորդների թվում են վրացական առեւտրային բանկեր, ապահովագրական, էներգետիկ, տրանսպորտային, առեւտրային, հաղորդակցային, արտադրական ու շինարարական ընկերություններ: - Հարգելի պարոն Ասլանաշվիլի: Վերջին շրջանում Հայաստանի ղեկավարությունը համառորեն խոսում է երկիրը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դարձնելու մտադրության մասին: Որքանո՞վ եք իրատեսական համարում այդ ծրագիրը: - Հայաստանի ղեկավարության ձգտումը ֆինանսական հատվածի զարգացման ուղղությամբ կարելի է միայն ողջունել: Նման հավակնություններ ունեն նաեւ մեր տարածաշրջանի մյուս երկրները /այդ թվում նաեւ` Վրաստանը/:Այդ գործոնն ուղղակիորեն կախված է տարածաշրջանի քաղաքական կայունությունից եւ տվյալ հեռանկարով շահագրգիռ հիմնական դերակատար-երկրներից: Տարածաշրջանում առավել զարգացած երկու երկրները` Ադրբեջանն ու Թուրքիան, հայտնի պատճառներով դժվար թե համաձայնեն այդ առաջարկին: Ֆինանսական հատվածի զարգացման հիմնական շարժիչ ուժ են հանդիսանում էներգակիրներ արտահանող եւ էներգակիրները եվրոպական սպառողներին հասցնող երկրները: Էներգակիրների բաշխման հիմնական հանգույցը կախված է Ադրբեջանից, որն արտադրում ու արտահանում է դրանք, ինչպես նաեւ Կենտրոնական Ասիայի երկրներից, որոնք հնարավորություն ունեն վաճառել ինենց պաշարները Ռուսաստանի միջնորդությամբ ու Ադրբեջանի միջոցով: Դեպի Եվրոպա էներգակիրների հոսքը հիմնականում ապահովում է Թուրքիան: Դրանից ելնելով, առանձին վերցրած մեկ երկրի` տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դառնալու հնարավորությունն անիրական է թվում:Սակայն, օրինակ, համաշխարհային ֆոնդային բորսաների առաջատար օպերատոր “Nasdaq OMX”-ը տնօրինում է սկանդինավյան ու բալթյան ֆոնդային հրապարակները: Առաջինի մեջ են մտնում Շվեդիան, Ֆինլանդիան ու Նորվեգիան, երկրորդի մեջ` Լիտվան, Լատվիան ու Էստոնիան: Միասնական տեղեկատվական բազան ու հասանելիությունը ցանցին համանման հնարավորություններ են ստեղծում, եւ այդ գլոբալ համակարգում իմաստ չունի խոսել այն մասին, թե ո՞վ է հանդիսանում տարածաշրջանային կենտրոն, իսկ ով` ոչ:- Վրաստանի ու Հայաստանի ֆինանսական համակարգերի որոշակի սիներգիայի հնարավորություն տեսնու՞մ եք: - Այդ հարցը դրված է օրակարգում, թեեւ, ցավոք, այն մեծ մասամբ դեկլարատիվ բնույթ է կրում: Վրաստանի ու Հայաստանի տնտեսությունների թուլությունը եւ համաշխարհային շուկաների վրա դրանց ազդեցության ոչ բարձր մակարդակն այդ խնդրի նկատմամբ հատուկ հետաքրքրություն չեն հարուցում:Ինտեգրման հնարավորությունն ավելի իրատեսական է ներկայանում` ելնելով խոշոր միջազգային կազմակերպությունների` Կովկասյան տարածաշրջանում գործունեության մեկ հրապարակ ունենալու շահագրգռվածությունից: Այդ համատեքստում մենք հիմնական հույսերը կապում ենք “Nasdaq OMX”-ի հետ, որը ձգտում է տվյալ հնարավորությունն իրականություն դարձնել:- Վրաստանում “վարդերի հեղափոխությունից” հետո երկու երկրների ղեկավարները խոսում էին հայկական ու վրացկան գործարարների` փոխադարձ ներդրումները խրախուսելու մասին: Անցել է հինգ տարի, սակայն հաջող ներդրումների օրինակները կարելի է մատների վրա հաշվել: Ո՞րն է հիմնական պատճառը: - Մեր երկրների տնտեսական զարգացվածությունը, չնայած վերջին տարիների աճին, դեռ հեռու է այն մակարդակից, երբ երկրներից յուրաքանչյուրը բավարար ռեսուրսներ ունենա սահմանակից երկրներում արտադրություն զարգացելու համար: Հայաստանի ու Վրաստանի տնտեսություններն ու արտադրական հզորությունները տարբեր պատճառներով գտնվում են արտասահմանյան ընկերությունների տնօրինման ներքո: Համապատասխանաբար, տնտեսության այդ ոլորտները գործելու են եւ պետք է գործեն` ելնելով շուկայական նախադրյալներից, եւ չպետք է կուրորեն հետեւեն այս կամ այն երկրի ղեկավարության որոշումներին: Վրաստանի ու Հայաստանի ղեկավարությունների ներգործության աստիճանն այդ հարցում բավականին ցածր է, ի տարբերություն Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի ու Իրանի:- Այս տարվա սկզբում “Nasdaq OMX”-ը դարձավ Հայաստանի ֆոնդային բորսայի սեփականատերը: Կարելի՞ է խոսել երկու երկրների ֆոնդային շուկաների ինտեգրման հեռանկարների մասին, եթե “Nasdaq OMX”-ը դառնա նաեւ վրացական բորսայի սեփականատերը: - Այդ հարցը օրակարգում է, թեեւ գործընթացը խիստ երկարել է, ընդ որում` ոչ “Nasdaq OMX”-ի մեղքով: Մենք ամեն կերպ սատարում ու ողջունում ենք այդ գործընթացը եւ հույս ունենք, որ առաջատար համաշխարհային հրապարակը կկարողանա իրագործել իր ծրագրերը: Tweet Դիտում՝ 6412