«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը մասնակից երկրների տնտեսություններում չինական ընկերությունների ուղղակի ներդրումների ծավալն ութ տարվա ընթացքում գերազանցել է $130 միլիարդը, հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին:«Վերջին ութ տարվա ընթացքում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունն ուրվագծից վերածվեց իրականության՝ հսկայական հնարավորություններ եւ բոնուսներ տրամադրելով աշխարհով մեկ: Նախաձեռնությանը մասնակից երկրների հետ Չինաստանի ընդհանուր ապրանքաշրջանառությունը գերազանցել է $9,2 տրիլիոնը»,- նախարարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:Նա նաեւ նշել է, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության երկրների համագործակցությունը չի դադարել համավարակի ժամանակ, ընդհակառակը, գնացել է «քամու դեմ» եւ ցուցադրել ամրություն ու կենսունակություն: Այսպես, չնայած համավարակային բարդ իրավիճակին, 2020 թվականին Չինաստանի եւ նախաձեռնության երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը հասել է ռեկորդային $1,35 տրիլիոնի, ինչը դրական ազդեցություն է ունեցել համավարակի հետեւանքների դեմ պայքարի, տնտեսության կայունացման եւ բնակչության բարեկեցության վրա: «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» (Մետաքսի ճանապարհ) հայեցակարգը, որը 2013 թվականին առաջարկվել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կողմից, նպատակ ունի խթանել միջազգային բազմակողմ առեւտրային եւ ներդրումային նախագծերը՝ որքան հնարավոր է մեծ թվով երկրների մասնակցությամբ՝ չինական եւ արտասահմանյան կապիտալի ներգրավմամբ: Նախաձեռնությանն արդեն միացել է ավելի քան 150 երկիր եւ միջազգային կազմակերպություն: 14.06.2021 | 09:21 Հակակշիռ «Մետաքսի ճանապարհին»․ G7-ը $40 տրլն-ի նախաձեռնություն է գործարկում Banks.am-ը հիշեցնում է, որ հունիսին G7 խմբի երկրների առաջնորդները գագաթաժողովի շրջանակում պայմանավորվել են գործարկել նոր գլոբալ ենթակառուցվածքային նախաձեռնություն զարգացող երկրների համար, որը փաստացի հակակշիռ է դառնալու չինական «Մետաքսի ճանապարհ» նախագծին:«Նախաձեռնության էությունն է՝ խոշորագույն ժողովրդավարությունների ղեկավարության ներքո օգնել կրճատել զարգացող երկրների կարիքներն ավելի քան $40 տրիլիոն ծավալով ենթակառուցվածքների ֆինանսավորման հարցում։ Build Back Better նախաձեռնությունն իր մասշտաբով կլինի գլոբալ՝ Լատինական Ամերիկայից եւ Կարիբյան տարածաշրջանից մինչեւ Աֆրիկա եւ Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան»,- ասված էր Սպիտակ տան հայտարարության մեջ: Tweet Դիտում՝ 3853