Կարեւորվել է սփյուռքի դերը Հայաստանի տնտեսական եւ սոցիալական կյանքում

07.06.2021 | 11:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՆՁԱԿ #Վահան Քերոբյան #Մարտին Գալստյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնի (ՆՁԱԿ) նախաձեռնությամբ Դիլիջանում կայացել է ռազմավարական համաժողով:

Ինչպես նշել են Էկոնոմիկայի նախարարությունում, համաժողովի նպատակն էր քննարկումներ անցկացնել ՆՁԱԿ-ի ապագա արդյունավետ մոդելի տեսլականի, նորարարությունների առեւտրայնացման եւ բիզնեսի ու ներդրումների աջակցության ծրագրերի շուրջ։

Համաժողովի մասնակիցների քննարկման առաջնային խնդիրն էր գտնել այն քայլերը, որոնք հնրավորություն կտան ձեւավորել ազգային նորարարական համակարգ, գիտելիքահենք տնտեսություն, նաեւ համատեղ լուծումներ առաջարկել ոլորտի առանցքային խնդիրների կարգավորման համար:

«Մենք չենք տեսնում Հայաստանի համար որեւէ այլ ապագա, քան տեխնոլոգիական, գիտելիքահենք տնտեսություն ունենալը»,- ասել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը եւ ընդգծել քննարկվող հարցերի կարգավորման գործում սփյուռքի լայնամասշտաբ մասնակցության կարեւորությունը։

Գնահատելով առկա իրավիճակը՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ բիզնեսն ունի բազմաթիվ գիտական կարիքներ, գիտությունն էլ, իր հերթին, ունի հետաքրքիր հետազոտություններ, որոնք կարող են օգտակար լինել բիզնեսին:

ՆՁԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Հայկ Մարգարյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրել է կենտրոնի աշխատանքի ապագա մոդելը եւ գործունեության հիմնական ուղղությունները՝ տեխնոլոգիական տրանսֆեր, ուղեղների ներգրավում, ստարտափների աջակցություն, հայկական արտադրության խրախուսում եւ արտահանման աջակցություն։  

Նա նաեւ ներկայացրել է ներդրումների, բիզնեսի խթանման ուղղությամբ կենտրոնի կողմից նախաձեռնվող ծրագրերը եւ նշել, որ կստեղծվի արդյունավետ ու թափանցիկ գործող ժամանակակից համակարգ:

Կենտրոնի Տեխնոլոգիայի տրանսֆերի բլոկի ղեկավար Վարդան Գեւորգյանն էլ ընդգծել է բոլոր շահագրգիռ կողմերի համագործակցության կարեւորությունը, մասնավորապես՝ մասնավոր-պետական համագործակցությունը: «Մենք մեր կենտրոնի առջեւ խնդիր ենք դրել, որ մինչեւ 2025 թվականը Հայաստանում ստեղծենք ազգային ինովացիոն համակարգ, եւ այստեղ մենք միայնակ չենք կարող գործել՝ սա պետք է լինի բոլորիս համագործակցությունը», - ասել է նա Վարդան Գեւորգյանը։

Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանն իր հերթին կարեւորել է զարգացման նպատակներին նորարարության ու գիտելիքի կուտակման միջոցով հասնելը․ «Չկա նորարարության էկոհամակարգ առանց հետազոտական, գիտական ու կրթական գերազանցության։ Եվ չի կարող լինել նորարարության էկոհամակարգ առանց համաշխարհային մակարդակի կրթության, գիտական ու այլ ենթակառուցվածքների»։

ԿԲ նախագահը նույնպես կարեւորել է սփյուռքի դերը Հայաստանի տնտեսական եւ սոցիալական կյանքում եւ ընդգծել, որ սփյուռքի գիտելիքը եւ փորձն այն հիմնական լծակներն են, որոնք մենք պետք է օգտագործենք․ «Սփյուռքից մեզ գիտելիքի փոխանցումն ու խնդիրների համատեղ լուծումը պետք է լինի սփյուռքի եւ մեր նոր սոցիալական պայմանագրի հիմքը»։

Համաժողովին միացել էին նաեւ ոլորտի միջազգային մասնագետներ եւ փորձագետներ, այդ թվում՝ Հարվարդի եւ Սան Ֆրանցիսկոյի համալսարաններից, տարբեր երկրներից, որոնք համաժողովի մասնակիցների հետ կիսվել են Հայաստանում նորարարության զարգացմանն առնչվող իրենց մոտեցումներով։

Դիտում՝ 885
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW