Ռուսաստանի փոստը եւ «Հայփոստ»-ը նախատեսում են նվազեցնել էքսպրես առաքման սակագները

04.06.2021 | 16:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Հայփոստ» #Ռուսաստան #Հայկ Կարապետյան
Ռուսաստանի փոստը եւ «Հայփոստ»-ը հայտարարում են էլեկտրոնային առեւտրի եւ փոստային վճարահաշվարկային ծառայությունների զարգացման ոլորտում համագործակցության մասին։

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում Ռուսաստանի փոստի գլխավոր տնօրեն Մաքսիմ Ակիմովը եւ «Հայփոստ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը հուշագիր են ստորագրել:

Կողմերը նախատեսում են Ռուսաստանի փոստի դուստր ձեռնարկությունների միջոցով զարգացնել Եվրոպայից, ԱՄՆ-ից եւ Չինաստանից Հայաստան էլեկտրոնային առեւտրի հոսքերի լոգիստիկան, ինչպես նաեւ բիզնես հաճախորդների (B2B) համար կազմակերպել Ռուսաստանի փոստի եւ «Հայփոստ»-ի համատեղ կապուղի։ Միաժամանակ, փոստային կապի օպերատորները նախատեսում են քննարկել իրավաբանական եւ ֆիզիկական անձանց միջեւ էքսպրես առաքման սակագների նվազեցման եւ միջազգային կանոնավոր չվերթներով օդային առաքման ու այլ երկրներից տարանցման հարցերը։

Ընկերությունների քննարկման առարկաներից է նաեւ Հայաստանում առցանց հարթակի ստեղծումը, որտեղ ներկայացված կլինեն ռուսական առցանց առեւտրի հարթակների ապրանքները։ Միաժամանակ, նախատեսվում է իրականացնել փոստային ծառայությունների թվայնացմանն ու էլեկտրոնային սպասարկմանն ուղղությունների հետագա փորձի փոխանակում։

«Մենք արդեն վաղուց եւ մեծ հաջողությամբ համագործակցում ենք «Հայփոստ»-ի հետ։ Անցյալ տարվա սեպտեմբերին մենք կնքեցինք Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ծանրոցների առաքման սակագների եռակի նվազեցման մասին համաձայնագիր։ Արդյունքում՝ Ռուսաստանի փոստով դեպի Հայաստան առաքումների քանակը 2021 թվականի 1-ին քառորդում 140 տոկոսով աճ ունեցավ 2020-ի առաջին քառորդի համեմատ։ Նոր համաձայնագիրը կավելացնի Հայաստանում ռուսական առցանց խանութների հաճախորդների թիվը, ինչպես նաեւ կհեշտացնի դրամական փոխհաշվարկներն ու կարագացնի մեր երկրների միջեւ ծանրոցների առաքումը»,- նշել է Ռուսաստանի փոստի գլխավոր տնօրեն Մաքսիմ Ակիմովը։



«Մենք ակտիվորեն աշխատում ենք Ռուսաստանի փոստի հետ, եւ արդեն 2 հաջողված նախագիծ ունենք՝ ամբողջ Ռուսաստանի փոստային բաժանմունքներից Հայաստանի ցանկացած փոստային բաժանմունք փոստային դրամական փոխանցումները եւ Հայաստանից ՌԴ եւ հակառակ ուղղությամբ ծանրոցների առաքման հատուկ հայելային սակագինը։ Նշված նախագիծը հրաշալի արդյունքներ է տվել․ 2019 թվականի (կովիդի նախորդ տարին) համեմատ՝ 2021 թվականի առաջին քառորդում արդեն ունենք Հայաստանից ՌԴ ծանրոցների փոստփոխանակման աճ ավելի քան 11 անգամ, իսկ ՌԴ-ից Հայաստան գրեթե քառապատկվել է։ Վստահ ենք, որ այս համաձայնագիրը զարգացման մեծ հնարավորություններ ունի, եւ մենք միասին ընդլայնելու ենք համագործակցությունը բոլոր ուղղություններում»,- իր հերթին ասել է «Հայփոստ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը։
Դիտում՝ 3464
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW