ՌԴ-ում քննարկվում է երեխաների՝ 12 տարեկանից արժեթղթերի առեւտրով զբաղվելու հարցը

04.06.2021 | 14:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՌԴ ԿԲ #բորսա #երեխաներ
Ռուսաստանի բանկի (ԿԲ) նախագահի առաջին տեղակալ Սերգեյ Շվեցովը հայտարարել է, որ կարգավորիչն առաջարկում է արժեթղթերով գործարքներ կատարելու համար նվազեցնել մանրածախ ներդրողների բորսա մուտք գործելու նվազագույն տարիքը մինչեւ 12 տարեկան:

Նա ընդգծել է, որ աշխարհն արագանում է, եւ դեռահասները դառնում են ավելի փորձառու թվային տեխնոլոգիաների տեսանկյունից, ուստի, նրա խոսքով, ներդրումներ կատարելու համար տարիքի աստիճանական նվազումը նորմալ երեւույթ է:

«Ավելին, որոշ մարդիկ շուկա են մուտք գործում ոչ թե փող աշխատելու, այլ գիտելիքներ ստանալու համար: Եվ մենք կողմ ենք, որ իջեցվի երեխաների տարիքային շեմը բորսայում աշխատելու համար, սակայն կառավարության հետ դեռեւս վերջնական համաձայնության չենք եկել»,- Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է Շվեցովը:

Նա համոզմունք է հայտնել, որ բորսայում առեւտրին հնարավոր է մասնակցել 12 տարեկանից` կախված այն բանից, թե ինչ են դասավանդում երեխային դպրոցում:

«Դպրոցում 12 տարեկան երեխաներն արդեն բավականին լավ գիտեն մաթեմատիկա: 12 տարեկանում նրանք ունեն մաթեմատիկայի բավարար գիտելիքներ տարրական ֆինանսական գործիքները փորձելու համար: Անհնար է սովորել ներդրումներ կատարել առանց պրակտիկայի»,- հավելել է Շվեցովը:

Խոսելով այն մասին, թե արժեթղթերով առեւտրի ինչ սահմանափակումներ կարող են սահմանվել նման երիտասարդ ներդրողների նկատմամբ, Շվեցովն ասել է, որ ներկայումս այդ հարցի շուրջ քննարկումներ են ընթանում: Միաժամանակ, նրա կարծիքով, շրջանակները պետք է սահմանի երեխայի ընտանիքը:
Դիտում՝ 2791
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW