ԿԲ նախագահը՝ շոկային 2020 թվականի մասին

03.06.2021 | 22:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #Մարտին Գալստյան #«Ֆինանսական կայունության հաշվետվություն»
2020 թվականին ֆինանսական համակարգը գործել է աննախադեպ շոկերի ու բարձր անորոշության պայմաններում՝ պայմանավորված համավարակով եւ պատերազմով։

Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանը՝ ներկայացնելով 2020թ․ «Ֆինանսական կայունության հաշվետվությունը»։

«Եթե մտաբերենք միջավայրը, ապա կհիշենք, որ չափազանց ծանր տարի էր ինչպես բոլորիս, այնպես էլ ֆինանսական համակարգի համար, սակայն, ի պատիվ վերջինիս, ուզում եմ փաստել, որ համակարգը ապահովել է ֆինանսական միջնորդության անխափան ընթացքը՝ պահպանելով ռիսկերի կլանման ունակությունը։ Այսինքն՝ համակարգը կապիտալիզացված էր եւ իրացվելի, մենք էլ որոշակի օժանդակության ծրագրեր ենք իրականացրել, որի արդյունքում բնականոն անցել ենք 2020 թվականը։

Նախորդ տարվա ընթացքում տնտեսությունը կրել է համավարակի եւ ռազմական դրության բացասական ազդեցությունները՝ սկսած գրեթե տարվա սկզբից։ Մարտ ամսին արդեն լոքդաունի ռեժիմն էր, իսկ սեպտեմբերից արդեն նաեւ պատերազմը չափազանց բարդ իրավիճակ ստեղծեցին տնտեսությունում, որի արդյունքում 2020 թվականի ընթացքում գրանցվեց 7․4% տնտեսական անկում։ Դա հիմնականում պայմանավորված էր ծառայությունների 9․2% եւ շինարարության ճյուղի 6․6% անկմամբ։ Դրսեւորված շոկերը բավականաչափ մեծ մարտահրավերներ են ստեղծել նաեւ ֆինանսական համակարգի համար»,- նշել է Մարտին Գալստյանը։

Նրա խոսքով՝ Կենտրոնական բանկը նպատակ է հետապնդել ապահովել ֆինանսական միջնորդությունը կամ ֆինանսական կայունությունը, որն իրականացվում է ֆինանսական միջնորդության անընդհատության միջոցով, եւ դա ապահովելու տեսանկյունից երկու խումբ հարցեր են հաշվի առնվել։ Առաջինը վերաբերում է վարկային ռիսկի աճին, որը բնական էր ստեղծված իրավիճակում, երկրորդը՝ հաշվետու տարվա ընթացքում իրացվելիության ճնշումներն էին։ Առաջին խնդիրը լուծելու համար իրականացվեցին հակացիկլիկ միջոցառումներ՝ օժանդակելու համար համակարգին։ Երկրորդ խնդիրը լուծելու համար որոշակի իրացվելիության ներարկում իրականացվեց։

«Իրականացրել ենք նաեւ ընթացիկ զարգացումների առավել օպերատիվ մոնիթորինգ, ռիսկերի վերլուծություն եւ կլանման կարողության օպերատիվ գնահատում։ Առանձին բանկերի խնդիրների դիտարկում ենք կատարել, պատերազմական վիճակի ընթացքում ամենօրյա ռեժիմով ամեն մի բանկի հետ կապված աշխատանք ենք իրականացրել եւ կարեւորել կապիտալի կառավարման զգուշավոր մոտեցումները»,- ասել է ԿԲ նախագահը։

Ըստ նրա՝ վարկային ռիսկի աճ է տեղի ունեցել գրեթե բոլոր հիմնական վարկատեսակներով։ Սպառողական վարկերի վատորակ կշիռը զգալիորեն աճել է, բիզնես վարկերի, գյուղվարկերի որոշակի աճ է նկատվել, հիփոթեքային վարկերի հետ կապված՝ մարդիկ շարունակել են վճարել իրենց վարկերը բարեխղճորեն, ինչպես եւ նախկինում, բնականաբար, կրելով որոշակի դժվարություններ։ Կենտրոնական բանկի գնահատականներով՝ այս տարվա ապրիլի վերջի դրությամբ վատորակ ակտիվների տեսակարար կշիռը 7%-ի շրջանակում է։

Ինչ վերաբերում է վարկային միջնորդությանը, եկամուտներին եւ ծախսերին, ապա Մարտին Գալստյանն արձանագրել է, որ վարկերից ստացված զուտ կորուստներ-ակտիվներ հարաբերակցությունն աճել է, իսկ զուտ տոկոսային եկամուտները գրեթե մնացել են անփոփոխ, ինչը վկայում է, որ բանկերի աշխատած եկամուտն ավելի ցածր է եղել վարկային ներդրումներից, քան նախորդ տարիների ընթացքում էր։

Ավանդների հետ կապված՝ 2020թ․ սեպտեմբերից սկսած արձանագրվել է ավանդների նվազում, իսկ վերականգնումը տեղի է ունեցել այս տարվա սկզբից։ Հիմնականում ավանդները հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին են նվազել, արտահոսք է դիտվել համակարգից, ինչին նպաստել են համավարակի եւ ռազմական դրության հետ կապված տնտեսական անորոշությունները։ Սակայն Մարտին Գալստյանը փաստում է, որ մայիսի դրությամբ ավանդների մակարդակը գրեթե վերականգնվել է։

Գործողությունների տեսանկյունից հիմնականում եղել է մակրոպրուդենցիալ քաղաքականության գործիքների կիրառում, մասնավորապես, կապիտալի հակացիկլիկ բուֆերների պահպանումներ զրոյական մակարդակի վրա։ Նախկինում ձեւավորված բուֆերների օգտագործման հնարավորություն է տրվել բանկերին։ Հիմնական կապիտալի համարժեքության նորմատիվը 10%-ից իջեցվել է 9%-ի, եւ բանկերի կողմից կապիտալի կառավարման զգուշավոր եւ խելամիտ մոտեցումների կարեւորում է իրականացվել։

Ինչ վերաբերում է վարկերի միտումներին, ապա, ինչպես նշել է ԿԲ նախագահը, վարկատեսակների հիմնական մասը բիզնես վարկերն են՝ 66.7%, հիփոթեքային վարկերը կազմում են 23.7%, գյուղվարկերը՝ 7․1% եւ սպառողական վարկերը՝ 2․5%։ Նկատվում է դրամային վարկերի որոշակի աճ, այս առումով առանձնանում են բիզնես վարկերն ու հիփոթեքը։ Բիզնես վարկերի աճին անցած տարվա ընթացքում էապես նպաստել են կառավարության կողմից իրականացված ծրագրերը։

Մարտին Գալստյանը նշել է, որ այս տարի նկատվում է վարկային ռեսուրսների նկատմամբ պահանջարկի նվազում, մինչդեռ բավարարված հայտերի տեսակարար կշիռն էական փոփոխության չի ենթարկվել։

«Կապիտալի համարժեքությունը որոշակիորեն նվազել է 2020 թվականին, սակայն նվազումն էական չէ, եւ մենք նորմատիվային 12%-ից բավականին բարձր մակարդակի վրա ենք գտնվում։ Ինչ վերաբերում է իրացվելիությանը, ապա դրա մակարդակն իջել է մինչեւ 25․6%, սակայն նվազագույն սահմանաչափը 15% է, եւ այստեղ էլ պետք է փաստենք, որ մեր նվազագույն մակարդակից համակարգի միջինը գտնվում է բարձր մակարդակի վրա։

Ֆինանսական կազմակերպությունները վերանայել են 1․3 տրիլիոն դրամ մնացորդով շուրջ 980 հազ․ վարկային պայմանագիր։ Բավականին ակտիվացել են առցանց ծառայություններն ու անկանխիկ գործառնությունները։

Ռազմական դրության հետեւանքով էլ ֆինանսական համակարգը մոտ 2․5 մլրդ դրամի չափով ներել է Արցախի պատերազմում զոհված անձանց, նրանց հարազատներին, նաեւ հաշմանդամություն ստացած անձանց վարկերը։

Այս տարվա ֆինանսական հաշվետվության էական տարբերությունը նախորդ տարիներից կայանում է նրանում, որ առաջին անգամ հրապարակվել են սթրես թեստեր, որոնց արդյունքում պարզվել է, որ բանկային համակարգի կապիտալի համարժեքությունը բարձր է մնում պահանջվող նվազագույն 12% մակարդակից»,- ընդգծել է Մարտին Գալստյանը։
Դիտում՝ 1576
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW