«Գալաքսի» ընկերությունների խումբը եւ «Բարի մամա» հասարակական կազմակերպությունը միավորում են ջանքերը` սահմանափակ կարողությամբ կամ խոցելի սոցիալական խմբերում գտնվող երեխաների եւ նրանց ընտանիքների աջակցման ծրագրերը կյանքի կոչելու համար: Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրվա առթիվ, կողմերը համագործակցության հուշագիր ստորագրեցին ու առաջին համատեղ` հոգատարության նախագիծն իրականացրեցին 50 շահառու երեխաների համար: Լուսանկարը՝ Galaxy Group «Հատկապես հիմա, հատկապես այս դժվարին ժամանակներում սոցիալապես խոցելի խմբերում հայտնված ընտանիքները հոգատարության, իսկ երեխաները առանձնահատուկ ուշադրության կարիք ունեն, եւ մեր պարտքն է ուղիղ մասնակցությամբ նրանց կողքին լինել: «Բարի մաման» այն պատասխանատու օղակն է, որի հետ համագործակցությունն անմիջապես ու հասցեական լուծումներ գտնելու հնարավորություն է տալիս, եւ հուսով ենք, որ փոքր քայլերով մեծ փոփոխություն կբերենք ամեն մի փոքրիկի կյանքում», - ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի Մեդիա համագործակցության ղեկավար Էլեոնորա Արարատյանը: «Բարի մամա» ՀԿ-ի նպատակն է նվազեցնել կամ կանխարգելել մանկալքությունը սահմանափակ կարողություններ ունեցող նորածիններին վերաբերող դեպքերը` նպաստելով երեխաների վերամիավորմանը իրենց կենսաբանական ծնողների հետ, աջակցությունը այդ ընտանիքներին եւ հաշմանդամություն ունեցող մանկատան շրջանավարտներին` հաղթահարելու թե՛ հասարակական, թե՛ կենսական խնդիրները: «Բարի մամա» ՀԿ-ն նաեւ ակտիվորեն քարոզում է սոցիալական ձեռներեցությունը եւ խոցելի խմբերի աջակցման ծրագրեր նախաձեռնում, օրինակ՝ ճամբարներ երեխաների համար, ձեռքի աշխատանքի ստեղծում եւ վաճառք, կարի կենտրոն: «Գալաքսի» ընկերությունների խմբի հետ համագործակցությամբ «Բարի մամա» ՀԿ-ն իր շահառուներին ուղղված այնպիսի նախագծեր կիրականացնի, որոնք շարունակական ազդեցություն կունենան` ապահովելով ընտանիքներին կայունություն։ Լուսանկարը՝ Galaxy Group «Երեխաների ժպիտները մեզ ուժ են տալիս շարունակելու աշխատել: Ցավով պիտի արձանագրեմ, որ պատերազմից հետո մեր շահառուների թիվը տասնյակ անգամներով մեծացել է, դա պատասխանատվության մեծ շրջանակ է, եւ նոր ու ստեղծարար մոտեցումներ գտնելու դրդապատճառ: Այս առումով ես հատկապես գնահատում եմ «Գալաքսի» ընկերությունների խմբի փորձառությունն ու կարողությունները` գաղափարից կենսունակ բիզնես ստեղծելու, եւ լիահույս եմ, որ սոցիալական ձեռներեցության ծրագրերում մեր ծնողները եւ չափահաս շահառուները կարեւոր գիտելիքներ կստանան «Գալաքսիի» թիմից», - ասել է «Բարի մամա» հասարակական կազմակերպության նախագահ Մարինե Ադուլյանը։ Լուսանկարը՝ Galaxy Group Նշենք, որ Երեխաների օրվան նվիրված միջոցառմանը «Գալաքսի» ընկերությունների խմբի աշխատակիցներն անձամբ կրթական խաղեր էին վարում երեխաների հետ, գրքեր ու գրենական պիտույքներ նվիրելով, ինչպես նաեւ քաղցրավենիքներ, որով սիրով տրամադրել էր «Մեգա Ֆուդ» ընկերությունը։ Tweet Դիտում՝ 1965