BSCEE խմբի 2022 թվականի համաժողովը կանցկացվի Վրաստանում
31.05.2021 | 16:17 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ avianews.com

ՎԱԲ-ը BSCEE խմբի նախագահ է ընտրվել կազմակերպության 33-րդ տարեկան համաժողովում, որն անցկացվել է մայիսի 27-28-ը «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնի առցանց հարթակում: Վրաստանը պաշտոնապես կընդունի նախագահությունը Ղազախստանից այս տարվա դեկտեմբերին:
ՎԱԲ-ի փոխնախագահ Պապունա Լեժավան, որը մինչ այս տարվա վերջ կստանձնի BSCEE խմբի ղեկավարի պաշտոնը, 33-րդ համաժողովում իր ելույթը նվիրեց հետհամավարակային հսկողության առաջնահերթություններին: Նա ներկայացրեց Վրաստանի փորձը, որը ձեռք է բերվել վերջին մեկ տարվա ընթացքում:
«Կորոնավիրուսի համավարակն աննախադեպ խնդիր էր, եւ դրա ազդեցությունը դեռ չի ավարտվել: Այդ մարտահրավերները մեզ թույլ տվեցին կարեւոր եզրակացություններ անել: Ճգնաժամին մշտապես պատրաստ լինելը նախադրյալ է ֆինանսական հատվածի կայունությունը պահպանելու համար: Համավարակը նպաստել է ֆինտեխի դերի աճին. եթե մինչ օրս մենք տեսնում էինք ֆինանսական տեխնոլոգիաների զարգացման առավելությունները ֆինանսական ծառայությունների, նորարարությունների զարգացման եւ մրցակցության ուժեղացման մեջ, ապա համավարակը նաեւ հնարավորություն տվեց բարելավել մեր ֆինանսական կայունությունը»,- ասել է Լեժավան:
Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների բանկային վերահսկողների խումբը ստեղծվել է 1991 թվականին: BCSEE խմբի հիմնական խնդիրներն են՝ պահպանել սերտ համագործակցություն Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների վերահսկիչ մարմինների միջեւ, աջակցել բանկային վերահսկողության միջազգային ստանդարտների ներդրմանը, հնարավորություն ընձեռել մեթոդաբանության եւ պրակտիկաների ոլորտում փորձի փոխանակման համար, օգնել հետազոտությունների եւ կրթական ծրագրերի իրականացմանը:
Ներկայումս BSCEE խումբը ներառում է 25 երկրների բանկային վերահսկողության մարմիններ՝ Ավստրիայից, Ալբանիայից, Հայաստանից, Բելառուսից, Բուլղարիայից, Բոսնիա եւ Հերցեգովինայից, Հունգարիայից, Վրաստանից, Ղազախստանից, Լատվիայից, Լիտվայից, Մոլդովայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Ռումինիայից, Հյուսիսային Մակեդոնիայից, Սերբիայից, Սլովակիայից, Սլովենիայից, Թուրքիայից, Ուկրաինայից, Խորվաթիայից, Չեխիայից, Չեռնոգորիայից եւ Էստոնիայից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: