Զբոսաշրջիկների համար ԵՄ սահմանների բացման հարցը կորոշվի մայիսի 25-ին

19.05.2021 | 17:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՄ #զբոսաշրջիկներ #սահմաններ
Եվրահանձնաժողովը (ԵՀ) հաստատել է տեղեկությունն այն մասին, որ ԵՄ անդամ պետությունները համաձայնության են եկել Միության կողմից հաստատված պատվաստանյութերով լիովին պատվաստված զբոսաշրջիկների համայնքի տարածք մուտք գործելու թույլտվության վերաբերյալ:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ այսօր այս մասին հաղորդել է Agence France-Presse-ը (AFP)՝ վկայակոչելով ԵՄ աղբյուրները:

«ԵՄ երկրների դեսպանները պայմանավորվածություն են ձեռք բերել երրորդ երկրներից լիարժեք պատվաստված զբոսաշրջիկների մուտքը ԵՄ թույլատրելու մասին»,- ասել է ԵՀ ներկայացուցիչը՝ նշելով, որ այս փուլում խոսքը գնում է այն պատվաստանյութերի մասին, որոնք հավանություն են ստացել Դեղամիջոցների եվրոպական գործակալության (EMA) կողմից: Նրա խոսքով, այժմ ԵՄ Խորհուրդը պետք է հաստատի այս առաջարկությունը, որը, սակայն, պարտադիր բնույթ չի կրում:

Սպասվում է, որ սահմանների բացման եւ դրա հետ կապված պատվաստումների վկայագրերի խնդիրը պետք է դառնա մայիսի 25-ին Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարների արտակարգ գագաթնաժողովի հիմնական թեմաներից մեկը:

ԵՄ երկրները մարտի սկզբից քննարկում են Միության բոլոր 27 երկրներում ճանաչված պատվաստումների վկայագրեր ներդնելու գաղափարը: «Կանաչ թվային անցագրեր» անվանումը կիրառման մեջ է դրել Եվրահանձնաժողովը, այն նաեւ առաջարկում է, որ այս փաստաթուղթը ներառի տվյալների երեք կատեգորիա`պատվաստումների մասին, COVID-19-ով հիվանդանալու ամսաթվերը եւ ՊՑՌ-թեստերի արդյունքները:
Դիտում՝ 2473

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW