IHG-ը (Intercontinental Hotels Groups)՝ աշխարհի առաջատար հյուրանոցային ցանցերից մեկը, տեղեկացրել է Երեւանի կենտրոնում «Հոլիդեյ Ինն Երեւան Հանրապետության Հրապարակ» հյուրանոցի բացման մասին։ Բացվելով «Էսջիայ-Ինվեստ» ՍՊԸ-ի հետ «Հոլիդեյ Ինն Երեւան-Հանրապետության Հրապարակ»-ի կառավարման պայմանագրի հիման վրա, հյուրանոցը կառուցվել է պատմական նշանակության երկու շենքերի հիմքում։Առաջինը տղաների գիմնազիան էր, որը կառուցվել է 19-րդ դարում, իսկ երկրորդը` հայ անվանի բանաստեղծ Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը: Հյուրանոցն ունի 191 գեղեցիկ ձեւավորված հյուրասենյակ եւ բաց նախասրահ, որի գաղափարն է հանրային տարածքները՝ ընդունարանը, ռեստորանը, բարը համատեղել մեկ բաց, ընդարձակ տարածքում: Հյուրանոցն առաջարկում է առանձնահատուկ ծառայություններ թե՛ տեղացիների եւ թե՛ այցելուների համար։ «Cloud 7» ՍՊԱ եւ Ֆիթնես տարածքը զբաղեցնում է 1480 քմ տարածք, որն ունի 25մ լողավազան, մերսման սրահներ, գեղեցկության սրահ, ֆիթնես սարքավորումների լայն ընտրանի, ՍՊԱ, սաունա, համամ եւ աղե սենյակ: Այս ամենին կից՝ 7-րդ հարկում գործում է «Cloud 7» տեռաս-բար եւ լաունջը՝ նախատեսված 174 անձի համար։ Հանդիպման բոլոր 7 սրահները տեղակայված են հյուրանոցի 2-րդ հարկում, որտեղ հաճախորդները կարող են կազմակերպել իրենց միջոցառումներն ու համաժողովները։ Հյուրանոցն ունի ստորգետնյա ավտոկայանատեղի՝ նախատեսված 96 ավտոմեքենայի համար։ «Մենք չափազանց ոգեւորված ենք Հոլիդեյ Ինն հյուրանոցը Հայաստանում բացելու կապակցությամբ։ Միջազգային ստանդարտներով գործող այս նորաբաց հյուրանոցը, գտնվելով Երեւանի` որպես բիզնեսի եւ զբոսաշրջության կենտրոնի սրտում, մեր բոլոր հյուրերին անմոռանալի այցելություն կպարգեւի: Ներկայացված լինելով ավելի քան 80 երկրում, մենք ստեղծել ենք հարմարավետ հյուրանոց՝ քաղաքի բոլոր այցելուների համար»,- նշել է «Հոլիդեյ Ինն Երեւան Հանրապետության Հրապարակ» հյուրանոցի գլխավոր տնօրեն Մարտին Դրիսկելլը ։««Ինտերկոնտինենտալ Հոթելս Գրուպ»-ի «Հոլիդեյ Ինն» հյուրանոցը իր՝ գրեթե 70 տարվա գործունեության ընթացքում, սպասարկելով մի քանի հարյուր միլիոն հյուրի, դարձել է աշխարհի ամենաճանաչված եւ ամենավստահելի բրենդներից մեկը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Tweet Դիտում՝ 5884