Արմավիրի չիրն ու պիստակը՝ արտահանմանն ուղղված ապրանքատեսակներ

13.05.2021 | 09:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Արմավիր ֆրութ» #«Արմեն ֆրութ ընդ նատ» #Վահան Քերոբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մայիսի 12-ին այցելել է Արմավիրի մարզ՝ «Արմավիր ֆրութ» չրագործական ընկերության գործունեությանը ծանոթանալու եւ Կողբավանում 2019թ․ հիմնադրված պիստակի այգում իրականացվող աշխատանքները դիտարկելու նպատակով։

«Արմավիր ֆրութ» ընկերության տնօրեն Հայկ Մանուկյանը տեղեկացրել է, որ ընկերությունն իր արտադրությունը սկսել է 2020 թվականին։ Վերջինիս հիմնական գործունեությունը գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառությամբ սեւ սալորի վերամշակումն է եւ հայկական էկոլոգիապես մաքուր չորամրգերի արտահանումն ԱՄՆ։ Հայկ Մանուկյանի փոխանցմամբ՝ առաջիկայում ընկերությունը նախատեսում է ընդլայնել իր գործունեությունը եւ ավելացնել արտահանման ծավալները։

Ընկերությունն առաջին տարում փորձնական մթերումներն իրականացրել է տարբեր մարզերից, սակայն հիմնական մատակարարներն Արմավիրի մարզի գյուղացիներն են։ Արտադրությունն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով ընկերությունը քայլեր է ձեռնարկում նաեւ հումքի վերամշակումից ստացվող մնացորդների ամբողջական վերամշակման ուղղությամբ։ Իսկ առկա ամբողջ արտադրանքը ներկա պահին ընկերությունը պատրաստվում է արտահանել ԱՄՆ։

Ընկերությունում ներդրված են թունելային վառարաններ, որոնց միջոցով էլ իրականացվում է մրգերի չորացումը։ Նախորդ տարվա կտրվածքով ընկերությունը փորձարկել է ներդրված թունելային վառարաններից մեկը եւ ստացել մոտ 4 տոննա ծիրանի եւ 50 տոննա սալորաչիր։ Ներկայումս ընկերությունը գործարկում է երկու թունելային վառարան։ Պատրաստման փուլում են եւս 10-ը, որոնցից առաջիկայում կգործարկվեն 4-ը։ Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ներդնել շուրջ 50 թունելային վառարան։ Արտադրական գործընթացում օգտագործվող սարքավորումները ձեռք են բերվել ԱՄՆ-ից, Չիլիից, Արգենտինայից եւ Չինաստանից։

Վահան Քերոբյանը եղել է նաեւ «Արմեն ֆրութ ընդ նատ» ընկերության կողմից Կողբավանում հիմնված 1100 հա տարածքով պիստակի այգում։ 2020-ին այգու տարածքը կազմել է 60 հա, այս տարվա ընթացքում նախատեսվում է այն ընդլայնել եւս շուրջ 85 հեկտարով։ Մոտակա տարիներին հայկական արտադրության պիստակները կհամալրեն միջազգային շուկաներ արտահանվող հայկական ապրանքատեսակների շարքերը։

Էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ՝ Վահան Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել ընկերությանը իրենց բիզնես պլանի իրագործման գործընթացքում առաջացող ընթացիկ խնդիրների արագ եւ արդյունավետ լուծման հարցերում։
Դիտում՝ 3005
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW