Թոնի Սալդանա. Թվային փոխակերպման 5 քայլերը

11.05.2021 | 16:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Թոնի Սալդանա #թվային փոխակերպում
Ներկայացնում ենք հատվածներ Թոնի Սալդանայի (Tony Saldanha) «Ինչու են ձախողվում թվային փոխակերպումները: Եվ ինչպես թափ առնել ու առաջ շարժվել» (Why Digital Transformations Fail: The Surprising Disciplines of How to Take Off and Stay Ahead) գրքից՝ հրապարակված Rusbase կայքում։

Թոնի Սալդանան ճանաչված առաջնորդ է բիզնեսում եւ տեխնոլոգիաների ոլորտում:

Procter&Gamble-ում 27-ամյա կարիերայի ընթացքում նա ղեկավարել է թվային փոխակերպման գործընթացը, ինչպես նաեւ ընկերության ՏՏ ծառայությունները, իսկ հետագայում եղել է Global Shared Services-ի նախագահ եւ ՏՏ բաժնի տնօրեն:

2013թ. նա ներառվել է ՏՏ ոլորտի համաշխարհային 100 լավագույն արհեստավարժների վարկանիշում՝ Computerworld-ի վարկածով: Ներկայումս Սալդանան թվային փոխակերպման հարցերով խորհրդատվություններ է տրամադրում տարբեր ընկերությունների տնօրենների խորհուրդներին եւ թոփ մենեջերներին:

Գրքի երկրորդ մասում ներկայացված է թվային փոխակերպման հնգաքայլ մոդելը:

Հեղինակը նշում է, որ հաջողված թվային փոխակերպման ճանապարհի միակ տրամաբանական ավարտը պետք է դառնա «հավերժական» ուժեղ դիրքը շուկայում՝ կիրառվող նորարարությունների շնորհիվ: Եվ հենց սա կդառնա 5-րդ քայլի թվային փոխակերպումը: Վերափոխումների հնգաքայլ մոդելը հնարավորություն է տալիս հեշտությամբ տարբերել աճի փուլերը վերջնական նպատակից:

Քայլ 1-ին՝ «Հիմք»

Սա այն փուլն է, որի ընթացքում ձեռնարկություններն ակտիվորեն ավտոմատացնում են ներքին գործընթացները (վաճառքը, արտադրությունը կամ ֆինանսները)` օգտագործելով ծրագրային ապահովում, ինչպիսիք են SAP-ը, Oracle-ը, Salesforce-ը, կամ նմանատիպ հարթակները: Այս գործընթացն ավելի շատ ավտոմատացում է, քան փոխակերպում, բայց այն ապահովում է թվային հիմքը, որն անհրաժեշտ է ապագա փոխակերպման համար: Թվային հարթակների օգտագործմամբ գործընթացների ավտոմատացումն անհրաժեշտ է ձեռքի աշխատանքը տվյալների վերածելու համար:

Քայլ 2-րդ՝ «Անջատվածություն»

Այս փուլում առանձին ծառայությունները (ֆունկցիոնալ ստորաբաժանումները) սկսում են օգտագործել ճեղքում ապահովող տեխնոլոգիաներ՝ նոր բիզնես մոդելներ ստեղծելու համար:

Օրինակ՝ արտադրական ստորաբաժանումը առաջընթաց է գրանցում իրերի ինտերնետի օգտագործման հարցում, ինչը հանգեցնում է էական փոփոխությունների արտադրության կամ ձեռնարկության նյութատեխնիկական ապահովման կառավարման մեջ:

Գաղափարն այն է, որ նման ջանքերը մնում են անջատված մեկ ծառայության կամ ստորաբաժանման շրջանակում, իսկ ընդհանուր ռազմավարությունը, որը խթանում է ընկերության փոխակերպումը, բացակայում է:

Քայլ 3-րդ՝ «Մասնակի սինխրոնիզացված փոխակերպում»

Ընկերության սեփականատերը կամ գլխավոր տնօրենը գիտակցում են թվային փոխակերպման ճեղքում ապահովող ուժը եւ թվային ապագայի պատկերը ներկայացնում ընկերությանը:

Երրորդ փուլին անցնելուն պես արդեն ամբողջ կազմակերպությունն է սկսում է շարժվել դեպի ընդհանուր նպատակ: Բայց ձեռնարկությունը դեռ ամբողջությամբ չի անցել թվային հիմքի կամ նոր բիզնես մոդելի, իսկ ճկուն, նորարարական մշակույթը դեռ ամուր հաստատված չէ:

Լավ օրինակ է General Electric-ի թվային փոխակերպումը, որն ի վերջո կանգ առավ այս փուլում: Գլխավոր տնօրեն Ջեֆ Իմելտը նախանշեց արդյունաբերության թվային ապագայի իր տեսլականը. ամբողջ կորպորացիան սկսեց շարժվել միասնական թվային ռազմավարության ուղղությամբ: Այնուամենայնիվ, նոր թվային բիզնես մոդելն այդպես էլ չհասունացավ, ուստի չկարողացավ խոր արմատներ թողնել:

Քայլ 4-րդ՝ «Լիակատար սինխրոնիզացիա»

Սա այն կետն է, որտեղ ամբողջ ձեռնարկության վրա տարածվող թվային հարթակը կամ նոր բիզնես մոդելը ամբողջությամբ արմատավորվել է:

Բայց սա միանգամյա փոխակերպում է: Սա տեխնոլոգիայի (կամ բիզնես մոդելի) ընդամենը մեկ փոփոխություն է եւ հեռու է ճեղքում ապահովող լինելուց: Հին համակարգի քանդման հետեւանքով առաջացող սպառնալիքներից փրկվելու միակ միջոցը՝ թվային ներուժ ստեղծելն է եւ ճկուն, նորարարական մշակույթն ամբողջ ձեռնարկության մշտական տարր դարձնելն է:

Քայլ 5-րդ՝ «Ներկառուցվածություն ԴՆԹ-ում»

Սա այն փուլ է, երբ փոխակերպումը դառնում է մշտական: Ձեզ հաջողվում է մշտապես պահպանել առաջատարի դիրքը, ազդակներ ուղարկել ամբողջ ոլորտին, քանի որ ձեր ընկերությունն այնքան կարգապահ է, որ կարող է անխնա նորարարություններ գործարկել եւ որոշել ոլորտի զարգացման միտումները: Դուք պարզապես շուկայի առաջատար չեք, դուք կարգապահ նորարար եք:
Դիտում՝ 2456
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW