ԱՄԷ-ն սկսել է քաղաքացիություն տրամադրել մեծահարուստ էքսպատներին

07.05.2021 | 12:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄԷ #էքսպատներ #քաղաքացիություն
Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) սկսել են քաղաքացիություն տրամադրել տեղական ընկերություններում աշխատող մեծահարուստ օտարերկրացիներին (էքսպատներին), հայտնում է Forbes-ի ռուսաստանյան հանդեսը՝ վկայակոչելով Financial Times-ը:

Վերջին ամիսներին ԱՄԷ իշխանություններն անձնագրեր են տրամադրել մի քանի տասնյակ էքսպատների: Ըստ FT աղբյուրի՝ փաստաթուղթն առաջիններից ստացել են Emirates ավիաընկերության նախագահ Թիմ Քլարկը, Etihad Airways-ի գլխավոր տնօրեն Թոնի Դուգլասը, Դուբայում ֆուտբոլային ակումբ բացած «Ռեալ Մադրիդ»-ի նախկին խաղացող Միչել Սալդագոն, ինչպես նաեւ էմիրաթական երկու հաջողակ ստարտափների հիմնադիրներ:

Նոր քաղաքականությունը զգալիորեն տարբերվում է օտարերկրյա աշխատուժի նկատմամբ ԱՄԷ իշխանությունների ավանդական մոտեցումից. նախկինում օտարերկրյա աշխատակիցներին առաջարկվում էր լքել երկիրը պայմանագրի ավարտից անմիջապես հետո, գրում է FT-ն: Ներկայումս ԱՄԷ կառավարությունը ցանկանում է համոզել մեծահարուստ էքսպատներին ավելի երկար մնալ՝ երկրի ներսում ծախսերն ավելացնելու եւ անշարժ գույքի գները համապատասխան մակարդակում պահելու համար:

ԱՄԷ քաղաքացիները կարող են առանց վիզայի շրջագայել Պարսից ծոցի երկրներով եւ անշարժ գույք գնել ցանկացած վայրում, այլ ոչ միայն արտասահմանյան գնորդների համար նախատեսված տարածքներում:

«Մենք ցանկանում ենք, որ մարդիկ Աբու Դաբիում զգան իրենց ինչպես տանը»,- ասել է ԱՄԷ մայրաքաղաքի տնտեսական զարգացման վարչության ղեկավարը: Նրա խոսքով ՝ օտարերկրացիները պետք է զգան, որ կարող են մնալ երկրում՝ «ապրելու եւ զարգանալու» եւ նույնիսկ ծերությունը դիմավորելու համար:

Ըստ FT զրուցակիցներից մեկի` նոր կանոնները ներդրվում են «մոտակա կես դարվա» համար: Բացի այդ, իշխանությունները մտադիր են 10-ամյա «ոսկե վիզաներ» տրամադրել հազարավոր օտարերկրյա մասնագետներին եւ նրանց ընտանիքի անդամներին:
Դիտում՝ 4417
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW