ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) այսօրվա հաշվետվությունում նշվել է, որ պարենային ապրանքների համաշխարհային գները ապրիլին աճել են՝ արձանագրելով տասնմեկերորդ անընդմեջ ամսական աճը: Աղյուսակը գլխավորում է շաքարի գնաճը, իսկ հացահատիկային մշակաբույսերի գները վերականգնվել են: Պարենային ապրանքների գնային ինդեքսը ապրիլ ամսվա ընթացքում կազմել է միջինը 120,9 նիշ, ինչը 1,7%-ով բարձր է մարտ ամսվա համեմատ եւ 30,8%-ով բարձր՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից: Այն 2014թ.-ի մայիսից ի վեր գրանցված ամենաբարձր ցուցանիշն է: ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը ամսվա ընթացքում աճել է 3,9%-ով՝ 2020թ.-ի ապրիլի համեմատ գրանցելով համարյա 60%-ով ավելի բարձր ցուցանիշ: Այսպիսի գնաճը պայմանավորված է Բրազիլիայում ցածր բերքատվությամբ եւ Ֆրանսիայում ցրտահարության պատճառած վնասներով: ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը ապրիլին աճել է 1,8%-ով՝ պայմանավորված արմավենու յուղի գնառաջարկի բարձրացմամբ, քանզի խոշոր արտահանող երկրներում կանխատեսվում էր արտադրության տեմպի դանդաղում: Սոյայի եւ հլածուկի յուղերի գները նույնպես աճել են, իսկ արեւածաղկինը՝ փոքր ինչ նվազել: 06.05.2021 | 16:44 Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 6.2% ՊԳԿ մսի գնային ինդեքսը մարտ ամսվա համեմատ աճել է 1,7%-ով: Տավարի, գառան եւ խոզի մսի գնառաջարկի աճը պայմանավորված է Արեւելյան Ասիայում այդ մթերքների մեծ պահանջարկով: Թռչնամսի գները կայուն են մնացել: ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը ապրիլին աճել են 1,2%-ով, ինչը 26%-ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Եգիպտացորենի գները աճել են 5,7%-ով՝ գրանցելով 66,7%-ով ավելի բարձր ցուցանիշ, քան նախորդ տարի էր: Նման աճը պայմանավորված է ԱՄՆ-ում կանխատեսվածից ավելի քիչ տնկումներով, ինչպես նաեւ Արգենտինայում, Բրազիլիայում եւ ԱՄՆ-ում մշակաբույսի վիճակի հետ կապված մտահոգություններով: Ցորենի միջազգային գները հիմնականում կայուն են մնացել, իսկ բրնձինը, գարունը եւ սորգոյինը՝ մի փոքր նվազել: ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը մարտ ամսվա համեմատ աճել է 1,2%-ով: Կարագի, պանրի եւ անյուղ կաթի փոշու գնառաջարկի աճը պայմանավորված է Ասիայից ներմուծման մեծ պահանջարկով: Tweet Դիտում՝ 1387