Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հայտնել է, որ ապրիլի հարկային եկամուտները՝ ներառյալ դրոշմանիշային վճարումները, կազմել են շուրջ 180 մլրդ դրամ:«Սա մեկ ամսվա ընթացքում հարկային եկամուտների պատմական ռեկորդ է Հայաստանի համար: Ճիշտ է, այստեղ մի փոքր խորամանկություն կա այն առումով, որ նախորդ տարի կորոնավիրուսի համավարակի հետ կապված հնարավորություն տվեցինք շահութահարկի կանխավճարներ չվճարել: Այս որոշումը որոշակի ազդեցություն ունեցել է հավաքագրումների վրա, ինչն իրականում ոչ թե վատ է, այլ լավ, քանի որ արդարացվել է նախկինում կայացած որոշումը»,- կառավարության նիստի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:Նա հիշեցրել է, որ բյուջեի եկամտային մասն առաջին եռամսյակում գերակատարել են շուրջ 22 մլրդ դրամով. «Հույս ունեմ, որ այս տեմպը կկարողանանք ոչ միայն պահել, այլեւ ավելացնել»:Անդրադառնալով Ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վերադարձի գործընթացին՝ վարչապետի պաշտոնակատարն ասել է. «Տարիներով 100 միլիարդավոր դրամների անհույս պարտքեր են եղել կուտակված, բայց ապրիլին բիզնեսին հարկերի վերադարձման գծով ունենք պարտքերի պատմական մինիմում: Ապրիլի դրությամբ պարտքը կազմել է 67,4 մլրդ դրամ»:Ինչ վերաբերում է դրամաշրջանառության ծավալներին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ապրիլի ընթացքում կատարված գործարքները 8,8 մլն հատով կամ 24%-ով ավելի են 2019-ի ապրիլից: «Այս ցուցանիշները վկայում են, որ տնտեսական մեր դինամիկան վերականգնման փուլում է»,- ասել է նա: Tweet Դիտում՝ 1007