Բէնքսիի կտավը Sotheby's-ում հնարավոր կլինի գնել կրիպտոարժույթով
05.05.2021 | 09:41 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ insider.com

Կազմակերպիչների խոսքով՝ Բէնքսիի աշխատանքի նախնական արժեքը կազմում է $3-ից $5 մլն: Միաժամանակ, նա, ում մայիսի 12-ին կհաջողվի աճուրդում ներկայացնել ամենաբարձր հայտը, կկարողանա վճարել Bitcoin-ով կամ Ethereum-ով: Դրույքները, սակայն, նախկինի նման պետք է արվեն դոլարային արտահայտությամբ:
«Այս նորամուծությունը, որը ճանապարհ է բացում Sotheby's աճուրդներում կրիպտոարժույթների հետագա օգտագործման համար, աճուրդի տան՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ փորձարկումների շարունակությունն է»,- ասված է հաղորդագրության մեջ: Կազմակերպիչների կարծիքով՝ կրիպտոարժույթով վճարելու գործառույթը «թույլ է տալիս վերանայել եւ ընդլայնել» աճուրդի տան հնարավորությունները:
Նկարն իրենից ներկայացնում է 90 x 90 սմ կտավ՝ ստորագրված հեղինակի կողմից: Կտավի վրա յուղաներկով պատկերված է ծաղիկների փունջ նետող մի ցուցարար: «Կտավը հիշեցնում է անարդարության ու անհավասարության մասին, ինչպես նաեւ հույսի ազդանշան է ուղարկում»,- ասված է Sotheby's-ի կայքում:
Նկարչին մինչ օրս հաջողվում է գաղտնի պահել իր ինքնությունը. բացի նրա ամենամոտ օգնականներից ոչ ոք չգիտի, թե ինչ տեսք ունի նկարիչը եւ որն է նրա իրական անունը: Կան ընդամենը մի քանի լուսանկարներ եւ տեսանյութեր, որոնցում գրաֆիտիի վարպետը հայտնվում է ծածկված դեմքով:
Բէնքսիի գրաֆիտիները, որոնցում բարձրացվում են սոցիալական անհավասարության, իշխանությունների կեղծավորության եւ ամենահրատապ թեմաները, ինչպիսին է COVID-19 համավարակը, նրան համաշխարհային հռչակ են բերել եւ մեծ պահանջարկ են վայելում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: