«Աջակցություն վիրավոր զինվորներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը վիրավոր զինվորների սոցիալական վերաինտեգրմանն ուղղված ծրագրերի շրջանակում ուժերը միավորում է «Ազնավուր» հիմնադրամի հետ:Համատեղ իրականացվող Վիրավոր զինվորների սոցիալական վերաինտեգրման ծրագրի շրջանակում դրամաշնորհներ են տրամադրվելու վիրավոր զինվորներին՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար:Բացի բիզնես գաղափարների ֆինանսավորումից, ծրագրի շրջանակում վիրավոր զինվորներն անցնելու են նաեւ մասնագիտական կողմնորոշում, վերապատրաստում, ստանալու են բիզնես խորհրդատվություն, սովորելու են բիզնես վարելու հմտություններ:Ծրագրի նպատակը ձեռնարկատիրական գործունեության միջոցով վիրավոր զինվորի համար եկամտի կայուն աղբյուրի ստեղծումն ու ֆինանսական անկախության ապահովումն են: «2020 թվականի սեպտեմբերին սկսված պատերազմի առաջին օրերից ի վեր «Ազնավուր» հիմնադրամը կենտրոնացրել էր իր բոլոր ռեսուրսներն ու կարողությունները՝ Հայաստանին եւ Արցախին աջակցություն ցուցաբերելու համար՝ բուժսարքավորումներ եւ դեղորայք, նպատակային օգնություն՝ պատերազմից տուժած հազարավոր ընտանիքների։ Մարդասիրական օգնության այս ծրագրի շրջանակում Հիմնադրամին հաջողվել է Ֆրանսիայում ու Շվեյցարիայում մեր գործընկերների աջակցությամբ հավաքագրել 175 տոննա օգնություն եւ տեղափոխել այն Հայաստան Ֆրանսիայի կառավարության հետ համագործակցությամբ: Այս պահին «Ազնավուր» հիմնադրամը նպատակ ունի կենտրոնացնել իր ուժերը սոցիալական եւ վերականգնողական ծրագրերի ուղղությամբ: Ուրախ ենք, որ այդ նախագծերի մեկնարկը տրվում է «Աջակցություն վիրավոր զինվորներին» ՀԿ-ի հետ համատեղ իրականացվող այս ծրագրով»,- նշել է «Ազնավուր» հիմնադրամի փոխտնօրեն Կարինե Էվոյանը։ «Աջակցություն վիրավոր զինվորներին» ՀԿ նախագահ, Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանն էլ նշեց, որ վիրավոր զինվորների սոցիալական վերաինտեգրումն առաջնային նշանակություն ունի: «Զինվորի տանն իրականացվող կրթական ծրագրերի նպատակը վիրավոր զինվորներին իրենց վնասվածքի հետ համատեղելի, նախընտրություններին ու անձնական որակներին համապատասխան մասնագիտացում տալն է, որը կլինի ժամանակակից, աշխատաշուկայում պահանջարկ ունեցող: Վիրավոր զինվորը կկարողանա գտնել արժանապատիվ վարձատրվող աշխատանք կամ կզբաղվի ձեռնարկատիրական գործունեությամբ, ձեռք կբերի ֆինանսական անկախություն եւ որպես վերջնական արդյունք՝ կվերաինտեգրվի հանրությանը: Մեր տղաները հանրության լիարժեք անդամ են, պարզապես անհրաժեշտ է ստեղծել միջավայր ու հնարավորություններ նրանց ինքնադրսեւորման համար: Ուրախ եմ, որ «Ազնավուր» հիմնադրամը եւս միացավ այս կարեւոր գործին, վստահ եմ՝ մեր ուժերի համատեղմամբ կարող ենք գերազանց արդյունք գրանցել»,- նշել է Հայկուհի Մինասյանը: Վիրավոր զինվորների սոցիալական վերաինտեգրման ծրագրին կարող են դիմել հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած զինծառայողները, կամավորականները, ծրագրի շահառու են հանդիսանում նաեւ նախորդ տարիներին վիրավորում ստացած նախկին զինծառայողները:Ծրագրին մասնակցել ցանկացող շահառու անձինք իրենց ձեռնարկատիրական գաղափարները պետք է ներկայացնեն Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի «Մեկ պատուհան» ծրագրին (Աբովյան 58, հեռ. 093982849):Մասնագետի աջակցությամբ գաղափարը կքննարկվի շահառուի հետ եւ անհրաժեշտության դեպքում կբարելավվի՝ համապատասխանեցվելով պահանջվող չափանիշներին: Այնուհետ բիզնես գաղափարները կներկայացվեն գնահատման հատուկ հանձնաժողովին: Բոլոր հաստատված դիմումներին կտրամադրվի ֆինանսավորում: Հաստատված յուրաքանչյուր նախագիծ կֆինանսավորվի առավելագույնը 5000 եվրոյի չափով, իսկ իրականացման համար կտրվի առավելագույնը 12 ամիս ժամանակ։Դիմում-հայտերի ընդունումը սկսվում է 2021 թվականի մայիսի 4-ին։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2021 թվականի հունիսի 15-ն է։Ծրագրի վերաբերյալ հավելյալ եւ մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել «Ազնավուր» հիմնադրամի կայք: «Ծրագրի իրագործմանը նպաստել ցանկացող բոլոր կազմակերպություններին եւ անհատներին խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ։ Համատեղ ջանքերով կարող ենք ավելի մեծ թվով շահառուների ներառել ծրագրում՝ կայուն ապագա ապահովելով բազմաթիվ ընտանիքների համար»,- ասված է հաղորդագրության մեջ։Հայտադիմումի փաթեթը հասանելի է նաեւ այս հղումով: Tweet Դիտում՝ 3041