Փաշինյան․ Արդյունաբերությունը ԵԱՏՄ գլխավոր շարժիչ ուժերից է

30.04.2021 | 13:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #ԵԱՏՄ #արդյունաբերություն
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին ասել է, որ Հայաստանը շահագրգռված է ԵԱՏՄ-ում արտադրվող ապրանքների մրցունակության բարձրացմամբ՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:

«Ինտեգրման արդիական խնդիրների լուծման տեսանկյունից կցանկանայի առանձնացնել այսօր դիտարկվող փաստաթուղթը՝ մինչեւ 2025թ․ ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները: Ավելորդ չի լինի եւս մեկ անգամ արձանագրել, որ արդյունաբերության ոլորտը Միության տնտեսական համակարգի գլխավոր շարժիչ ուժերից է:

Գործնականում անիրագործելի է ապրանքների լիարժեք միասնական շուկայի ստեղծումը` առանց այդ ուղղությամբ համակարգված քաղաքականության մշակման: Կարեւոր ենք համարում արդյունաբերական համագործակցության խորացմանն ու ազգային արդյունաբերական քաղաքականությունների համակարգմանը միտված աշխատանքների շարունակումը»,- ասել է նա:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ փաստաթղթի հիմնական դրույթների հետեւողական իրագործումը կնպաստի ընդհանուր առմամբ ողջ արդյունաբերական համալիրի կայուն զարգացմանը:

«Փաստաթղթի ամենակարեւոր ուղենիշերից է արդյունաբերության նորարարական զարգացման եւ թվային փոխակերպման համատեղ խթանումը: Հաշվի առնելով փոփոխվող տնտեսական կոնյունկտուրան` տնտեսությունների տեխնոլոգիական զարգացման նոր մակարդակին անցումը որոշիչ նշանակություն է ձեռք բերում: Թվային փոխակերպումը շարունակում է մնալ ինտեգրման հիմնասյուներից մեկը: Մենք ավանդաբար այն տեսակետին ենք, որ անհրաժեշտ է հետայսու եւս խորացնել համագործակցությունն այս ուղղությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Դիտում՝ 862
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai