Հայաստանում կձեւավորվի անհրաժեշտ հարկային միջավայր՝ ավտոմեքենաների շուկայում Trade-in համակարգի ներդրման համար։ Կառավարությունը լրացումներ է կատարել մի շարք օրենքների նախագծերում: Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով որոշմանը, ասել է, որ խոսքն օգտագործված ավտոմեքենաները նորերով փոխարինելու համակարգի մասին է: «Աշխարհում լայնորեն տարածված է, երբ մարդիկ իրենց մեքենաները հանձնում են եւ որոշակի գործարքի արդյունքում ստանում են նոր ավտոմեքենաներ: Եվ մենք ուսումնասիրությունների արդյունքում եկել ենք այն եզրահանգման, որ մեր գործող հարկային համակարգն այս գործընթացի համար նպաստավոր չէ: Մենք այս փոփոխություններով փորձում ենք նպաստել, որ ավտոմեքենաների պարկը մեր երկրում թարմանա, որ հեշտ լինի հին մեքենաները նորով փոխարինելը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Ներկայումս Trade-in համակարգի շրջանակում ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչի կողմից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից ավտոմեքենաներ ձեռք բերելու եւ հետագայում այլ անձանց վաճառելու դեպքում ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչները զրկվում են ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու հնարավորությունից, իսկ այդ գործարքից ԱԱՀ-ով հարկման բազան հաշվարկվում է ավտոմեքենայի վաճառքի ամբողջ արժեքից: Մյուս կողմից, նշյալ տնտեսավարող սուբյեկտների մոտ առաջանում է ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից, որպես հարկային գործակալ, եկամտային հարկ հաշվարկելու եւ պետբյուջե վճարելու պարտավորություն, որն ուղղակիորեն ազդում է հետագայում այդ ավտոմեքենայի վաճառքի գնի վրա՝ խոչընդոտելով համակարգի զարգացմանը:Նախատեսվում է սահմանել Trade-in համակարգի շրջանակում ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչի կողմից ավտոտրանսպորտային միջոցի ձեռք բերման եւ վաճառքի ժամանակ ձեւավորվող՝ եկամտային հարկով եւ ԱԱՀ-ով հարկման բազաների հաշվարկման առանձնահատկությունները: Ավտոարտադրողի պաշտոնական ներկայացուցիչ համարվող եւ համապատասխան լիցենզիա ստացած ԱԱՀ վճարող համարվող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձից ձեռք բերված ավտոտրանսպորտային միջոցի հետագա օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում տվյալ ավտոտրանսպորտային միջոցի հետագա օտարման ժամանակ Հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի եւ նույն օրենսգրքի 55-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն կազմվող փաստաթղթով հիմնավորված՝ ավտոտրանսպորտային միջոցի ձեռք բերման գնի դրական տարբերությունը: Սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոտրանսպորտային միջոցի օտարումից ավտոարտադրողի պաշտոնական ներկայացուցիչ համարվող եւ համապատասխան լիցենզիա ստացած՝ ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունից կամ անհատ ձեռնարկատիրոջից ստացվող եկամուտները եկամտային հարկով հարկման նպատակով համարվում են նվազեցվող եկամուտներ: Tweet Դիտում՝ 1951