Հայաստանում կանեփ կարտադրեն՝ խիստ կարգավորումներով

29.04.2021 | 11:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Ավինյան #կանեփ
Հայաստանում թույլատրվեց արտադրական կանեփի հետ կապված գործունեությունը։ Մասնավորապես, խոսքն արտադրության, մշակության, վերամշակման, ներմուծման, արտահանման եւ մեծածախ առեւտրի մասին է։ Գործունեությունը կիրականացվի համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում։

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը պարզաբանել է, որ նոր կարգավորումներով թույլատրվելու է փակ տարածքներում, հստակ մոդուլավորված արտադրությունը, նաեւ նշել, որ արտադրական եւ արդյունաբերական կանեփն օգտագործվում է բազմազան ոլորտներում եւ արտադրանքներում՝ տեքստիլի, ավտոմոբիլային, կահույքի, թղթի, շինանյութի, խնամքի պարագաների, բժշկական արտադրության մեջ։

«Արտադրական կանեփը մշակաբույս է, որում կանաբիդիոլի (CBD) պարունակությունը գերազանցում է տետրահիդրոկաննաբինոլի (THC) պարունակությանը, ընդ որում՝ տետրահիդրոկաննա¬բինոլի (THC) տոկոսային պարունակությունը նմուշառված զանգվա¬ծում հավասար կամ ցածր է 0,3 տոկոսից։ Այդ պայմաններում համարվում է, որ աճեցվող նյութը չի ունենում հոգեմետ ազդեցություն եւ չի կարող օգտագործվել որպես թմրամիջոց»,- ասել է փոխվարչապետի պաշտոնակատարը։



Նա նաեւ նշել է, որ բավականին խիստ կարգավորումներ, արգելքներ եւ սահմանափակումներ են կիրառվելու, իրական շահառուները եւ աշխատակիցները չեն կարողանալու զբաղվել տվյալ գործունեության տեսակով, եթե ունեն դատվածություն թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի հետ կապված հանցագործության համար։

«Նախատեսվում են լիցենզավորման առանձնահատկություններ՝ հստակ կանոնակարգելով այն պարտադիր չափանիշները, որոնք անձը պետք է բավարարի լիցենզիա ստանալու համար։ Ոլորտը վերահսկողության եւ բյուրոկրատիայի առումով մի փոքր բարդացված է լինելու՝ հաշվի առնելով բոլոր ռիսկերը։ Լուրջ վերահսկողության համակարգ է նախատեսվում արտադրության եւ արտահանման, ներմուծման կամ մեծածախ առեւտրի ոլորտում ապօրինի շրջանառության կանխարգելման նպատակով»,- ասել է Տիգրան Ավինյանը։

Փոխվարչապետի պաշտոնակատարը նաեւ նշել է, որ գործունեության համար նախատեսվում են բավականին բարձր պետական տուրքի դրույքաչափեր։

«Մեկ տոննայից ավելի հումքի արտահանման համար յուրաքանչյուր նոր տոննայի համար գործելու է մոտավորապես 60 մլն դրամ տուրքի չափ, բայց, հաշվի առնելով տվյալ ոլորտում եկամտաբերության մակարդակը, սա հնարավոր մոդել է եւ ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունները պետք է կարողանան վճարել տուրքը։ Հիմնական հիմնավորումն այն է, որ վերահսկողության վրա պետությունն էական գումարներ է ծախսելու։ Տեսչական մարմիններում նոր կարողություններ պետք է ստեղծվեն, լաբորատորիաներ վերազինվեն»,- ասել է Տիգրան Ավինյանը։
Դիտում՝ 3517
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai