Ջոզեպ Բորել․ ԵՄ-ն իրավասու չէ անջատել Ռուսաստանը SWIFT-ից

29.04.2021 | 10:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Եվրախորհրդարան #Ռուսաստան #SWIFT
Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ առաջարկել են անջատել Ռուսաստանը SWIFT համակարգից, հետեւում է բանաձեւի նախագծից:

Ինչպես հաղորդում է RBC-ն, փաստաթղթի հեղինակները պահանջել են նաեւ կանգնեցնել «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունը եւ հրաժարվել Ռուսաստանից նավթի եւ գազի ներմուծումից: Բացի այդ, նրանք առաջարկել են սառեցնել «Ռուսաստանի իշխանություններին մոտ կանգնած օլիգարխների» եվրոպական ակտիվները եւ չեղարկել նրանց վիզաները:

Բանաձեւի նախագծում նշվում է, որ այդ միջոցներն առաջարկվում է ձեռնարկել այն դեպքում, եթե «ռազմական ներկայության ուժեղացումը վերածվի Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման»:

Ուկրաինայի իշխանությունները բազմիցս կոչ են արել անջատել Ռուսաստանը SWIFT համակարգից: Վերջին անգամ դա արել է երկրի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան: Նա նշել է, որ ապրիլի 19-ին ԵՄ արտգործնախարարների հանդիպման ընթացքում առաջարկել է սահմանափակել Ռուսաստանի հասանելիությունը համակարգին՝ ներառելով այդ միջոցը Մոսկվայի դեմ տնտեսական պատժամիջոցների նոր փաթեթում:



Այնուամենայնիվ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեպ Բորելը` ելույթ ունենալով Եվրախորհրդարանի լիագումար նիստում հայտարարել է, որ Եվրամիությունն իրավասություն չունի անջատել Ռուսաստանը SWIFT համակարգից կամ սառեցնել «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցումը:

«SWIFT-ը միջազգային մասնավոր կազմակերպություն է, ուստի ԵՄ-ն այստեղ իրավասություն չունի: Իսկ «Հյուսիսային հոսքը» հակասական թեմա է: Մենք արդեն ասել ենք, որ այս նախագիծը չի ծառայում ԵՄ էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացմանը: Սակայն նախագիծը գտնվում է մասնավոր ընկերությունների պատասխանատվության ներքո, եւ ԵՄ-ն չունի գործիքներ`որոշելու դրա ճակատագիրը»,- Բորելի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Իր հերթին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախօրեին ասել էր, որ երկրում արդեն կա բազա SWIFT համակարգի նմանօրինակը ստեղծելու համար: Գերատեսչությունը խոստացել է, որ սպառնալիքի իրականացման դեպքում Մոսկվան կարձագանքի:
Դիտում՝ 3096
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW