ԵՄ-Մեծ Բրիտանիա. նոր հարաբերություններ՝ «ամուսնալուծվելուց» հետո

28.04.2021 | 17:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՄ #Մեծ Բրիտանիա #Brexit
Եվրախորհրդարանն ավարտել է ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ «ամուսնալուծության» (Brexit) օրինականացումը՝ հաստատելով Առեւտրի եւ համագործակցության համաձայնագիրը, որը սահմանում է երկու կողմերի ապագա հարաբերությունների կանոնները, հաղորդում է Finmarket-ը:

«Չնայած Մեծ Բրիտանիայի՝ մեր Միությունից դուրս գալու որոշմանը, մենք շարունակում ենք կիսել խորը եւ երկարատեւ կապերը, արժեքները, պատմությունը եւ աշխարհագրական մտերմությունը: Մենք բոլորս շահագրգռված ենք, որ այս նոր հարաբերություններն աշխատեն»,- հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Դեյվիդ Սասոլին:

Նրա կարծիքով, Brexit-ն իր բնույթով մեծ անհարմարություններ է ստեղծում քաղաքացիների ու բիզնեսի համար: «Դուք չեք կարող օգտվել ԵՄ անդամակցության առավելություններից՝ գտնվելով Միությունից դուրս: Այնուամենայնիվ, այս համաձայնագիրը զգալիորեն կմեղմի դրա վատթարագույն հետեւանքները»,- ասել է նա:

«Մենք ուշադիր հետեւելու ենք ինչպես այս նոր համաձայնագրի, այնպես էլ ԵՄ-ից դուրս գալու պայմանագրի կատարմանը: Մենք թույլ չենք տա, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը շեղվի իր ստանձնած պարտավորություններից»,- հավաստիացրել է Սասոլին:



ԵՄ-Մեծ Բրիտանիա հետագա հարաբերությունների կանոնների մասին համաձայնագիրը ժամանակավոր հիմունքներով արդեն կիրառվում է 2021թ. հունվարի 1-ից: Դա արվել է մինչեւ վավերացումը անդրսահմանային խնդիրները նվազագույնի հասցնելու համար: Ժամանակավոր համաձայնագրի գործողության ժամկետը լրանում է ս.թ. ապրիլի 30-ին: Խորհրդարանի համաձայնությունն անհրաժեշտ է, որպեսզի պայմանագիրը պատշաճ կերպով մտնի ուժի մեջ:

Ընդունված բանաձեւի շուրջ երեկ կայացած քննարկումների ժամանակ եվրոպացի պատգամավորները գրեթե միաձայն քննադատում էին Եվրամիությունը լքելու Բրիտանիայի նախաձեռնությունը՝ այն որակելով որպես պատմական սխալ:

«Սա սխալ է: Բայց մենք պետք է կարողանանք հարմարվել հանգամանքներին եւ հետեւել, որպեսզի այս պատմական սխալը չանդրադառնա հասարակ մարդկանց, ովքեր պարզապես փորձում են ապրել նորմալ կյանքով: Տեսնենք, թե ինչ է սպասում մեզ ապագայում: Բայց ես կցանկանայի հուսալ, որ այս համաձայնագիրը լավ սկիզբ է դնում»,- ասել է հարցի վերաբերյալ Եվրախորհրդարանի զեկուցող Անդրեաս Շիդերը:

Իր հերթին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ողջունել է Եվրախորհրդարանի կողմից Brexit-ից հետո ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի հարաբերությունների կանոնների մասին համաձայնագրի վավերացումը՝ հայտարարելով, որ այն կայունություն կապահովի կողմերի համար:

«Հիմա ժամանակն է նայելու ապագային եւ կառուցելու ավելի գլոբալ Բրիտանիա», - ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:
Դիտում՝ 1634
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW