Աշխարհի բանկերը՝ ծախսերը կրճատելու ճանապարհին

26.04.2021 | 10:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#KPMG #բանկեր #ծախսեր
Կորոնավիրուսային ճգնաժամի պատճառով շահույթի անկումը ստիպել է բանկերին ամբողջ աշխարհում ուշադրություն դարձնել ծախսերի կրճատման խնդրին: KPMG-ն հարցում է անցկացրել բանկիրների շրջանում, որի արդյունքների համաձայն՝ առաջիկա տարում նրանցից շատերը պատրաստվում են օպտիմալացնել ծախսերը:

Ինչպես հաղորդում է Frank Media-ն, ընկերությունը հետազոտության արդյունքները հրապարակել է նոր՝ New cost imperatives in banking զեկույցում:

KPMG-ն հարցումն անցկացրել է աշխարհի խոշորագույն բանկերի 200 ղեկավարների շրջանում՝ 2020-ի վերջին: Այն ցույց է տվել, որ բանկիրներն ակնկալում են իջեցնել գործառնական ծախսերի հարաբերակցությունը գործառնական եկամտի նկատմամբ 10 տոկոսային կետով կամ ավելին: Այդ նպատակին հասնելու համար, ըստ KPMG-ի վերլուծաբանների, նրանք ստիպված կլինեն վերանայել իրենց գործառնական մոդելը եւ իրականացնել թվային փոխակերպում, որին իրենց դրդել է համավարակը: Թոփ մենեջերների գրեթե մեկ երրորդը՝ 28%-ը, պատրաստ է դա անել 3 տարվա ընթացքում:

Ինչ են անելու բանկերը

- Բանկերը մտադիր են կրկնապատկել ծախսերի կառավարման համար ներդրումները եւ ավելացնել ծախսերի կրճատման նպատակային ցուցանիշները մինչեւ 10%: Նման ծրագրեր ունի հարցվածների 61%-ը: Հարցվածների եւս 19%-ը նախատեսում է կրճատել ծախսերն ավելի քան 10%-ով (նրանցից 15%-ն ակնկալում է դա անել մեկ տարվա, եւս 66%-ը՝ 3 տարվա ընթացքում):

- Այս նպատակներին հասնելու համար բանկիրներն ապավինում են ղեկավարությանը (նման պատասխան է տվել հարցվածների 91%-ը ), ուժեղ կորպորատիվ մշակույթին` ուղղված ծախսերի օպտիմալացմանը (հարցվածների 89%-ը), ինչպես նաեւ պատասխանատվությանը՝ ծախսերի կրճատման գործում առաջընթացի համար (հարցվածների 89%-ը):

- Հարցվածների գրեթե 60%-ը նշել է, որ նախատեսում է կրճատել ծախսերը թվայնացման միջոցով, ավելի քան 50%-ը`աշխատակազմի քանակի կրճատման հաշվին, այդ թվում՝ բանկի վերակազմակերպումից եւ հնացած ՏՏ համակարգերի փոխարինումից հետո: Բանկերը ցանկանում են նաեւ ավելի քիչ օգտվել խորհրդատվական ծառայություններից. այս ուղղությամբ կտնտեսեն հարցվածների 49%-ը: Հարցվածները ներուժ են տեսնում նաեւ արհեստական բանականության օգտագործման մեջ. նրանցից 42%-ը պատրաստվում է կրճատել ծախսերն`օգտագործելով այդ տեխնոլոգիան: Մոտավորապես նույնքան հարցվածներ նշել են, որ մտադիր են փակել մասնաճյուղերը:

- Միաժամանակ, որոշ հատվածներում բանկերը սահմանափակված են ծախսերի կրճատման տեսանկյունից. սա այն ամենն է, ինչ կապված է հաճախորդի սպասումների հետ բանկային պրոդուկտներից եւ կարգավորումներից, ներառյալ՝ ESG-ի (Еnvironmental social governance) ոլորտում: Որոշ բանկեր նաեւ սահմանափակված են մասնաճյուղեր փակելու հնարավորության հարցում, քանի որ իրենց հաճախորդների մի մասը դեռ նախընտրում է գնալ հենց այնտեղ:



Մի քանի տարի է, ինչ բանկերը ներգրավված են ծախսերի օպտիմալացման գործում, եւ հարցվածների 78%-ը նշում է, որ երեք տարվա ընթացքում իրենց ջանքերն արդյունք են տվել: Բայց ավելի մանրամասն հարցումների արդյունքում նրանք խոստովանում են, որ որոշակի ոլորտներում արդյունքները շատ «համեստ» եւ «սահմանափակ» են, հատկապես, երբ խոսքը վերաբերում է հիմնական գործառույթների թվայնացմանը, օպտիմալացման ծրագրերը հաճախորդի համար արդյունքների հետ կապակցելուն եւ եկամուտ չբերող գործառույթների կրճատմանը:
Դիտում՝ 2450
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW