Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Ըստ հաշվետվության՝ 2020թ. պետբյուջեն եկամուտների գծով կազմել է 1 560 655 340,8 հազար դրամ, ծախսերի գծով՝ 1 894 647 093,4 հազար դրամ, բյուջեի դեֆիցիտը` 333 991 752,6 հազար դրամ:ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անդրադարձել է նաեւ 2019թ. տնտեսական ցուցանիշներին եւ նշել, որ Հայաստանը 2019թ. ունեցել է վերելքի ժամանակահատված. տնտեսությունն աճել է 7,6%-ով, ինչը հնարավորություններ է ընձեռել փոխել պարտավորությունների կատարման շրջանակը: Ատոմ Ջանջուղազյանն ընդգծել է, որ 2019-ին արձանագրված տնտեսական վերելքը հնարավորություն է տվել 2020-ին վերանայել ծախսային քաղաքականությունը, մասնավորապես, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառում շուրջ 11% հատկացումների աճ է արձանագրվել, առողջապահության ոլորտում՝ 22% աճ:«Հարկաբյուջետային քաղաքականությունը տնտեսական յուրաքանչյուր պարբերաշրջանին համարժեք պետք է լինի: Երբ տնտեսական վերելք է տեղի ունենամ, այդ ժամանակահատվածում հարկաբյուջետային քաղաքականությունը ոչ թե պետք է իր գործիքակազմով ավելացնի այդ վերելքին նպաստող գործոնները, այլ հակառակը՝ ունենա համեմատաբար պակաս խթանող ազդեցություն, կամ երբեմն՝ զսպող ազդեցություն, որպեսզի կարողանա կուտակել դիմադրողականության պաշար՝ սպասվող տնտեսական այնպիսի պարբերաշրջանում, երբ անկումը դառնալու է անխուսափելի: Այդ տրամաբանությամբ 2019-ին կուտակված դիմադրողականության պաշարը մեզ թույլ տվեց դիմակայել 2020-ին ամբողջ աշխարհը ցնցած համավարակի եւ պատերազմի հետեւանքով առաջացած ցնցումներին»,- ասել է ֆինանսների նախարարը:Անդրադառնալով կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությանը՝ Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ 2019-ի վերջին այն կազմում էր 50%-ից ցածր, ինչը թույլ է տվել 2020-ին նոր պարտք ներգրավելու ճանապարհով պահել հարկաբյուջետային քաղաքականության տրամաբանությունը ճգնաժամի ժամանակ: «Արդյունքում ունեցանք ավելի մեծ դեֆիցիտ, քան ծրագրավորված էր: Սկզբում ունեինք բյուջեի 2,3%-ի չափով սպասվող դեֆիցիտի մեծություն, փաստացի ունեցանք ՀՆԱ-ի մոտ 5,5%-ի դեֆիցիտ»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ պետական պարտքի մակարդակը 2020-ի արդյունքներով կազմել է ՀՆԱ-ի 63,5%-ը եւ կառավարությունը պետք է ձգտի առաջիկա 5 տարիներին վերադառնալ 60%-ից ցածր շեմին։ Tweet Դիտում՝ 767