Գերման Գրեֆը՝ էկոհամակարգերի եւ թվային ռուբլու մասին

22.04.2021 | 14:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գերման Գրեֆ #էկոհամակարգ #թվային ռուբլի
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ Սբերբանկի նախագահ Գերման Գրեֆի հարցազրույցից, որը նա տվել է RBC-ին:

Էկոհամակարգերի մասին

Բոլոր էկոհամակարգերը գերակշռող գործոն են տնտեսության զարգացման համար աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Քանի որ հաճախորդի համար դա քիչ ծախսատար է ու շատ ավելի հարմար՝ դրա օգտին նա «քվեարկել է» իր դրամապանակով: Դրանց դեմ պայքարելն այսօր բոլորովին անիմաստ է: Քանի որ դուք չեք կարող պայքարել օտարերկրյա էկոհամակարգերի դեմ, կարող եք պայքարել ձեր սեփականների դեմ: Եթե պայքարեք ձեր էկոհամակարգերի դեմ, շուկան կտաք օտարներին: Արգելակել ձեր սեփական զարգացումը՝ նշանակում է շուկան ինչ-որ մեկին անվճար տալ:

Ռուսաստանն, ի տարբերություն եվրոպական բոլոր երկրների, ունի իր տեխնոլոգիական հսկաները, որոնք կարող են մրցակցել եւ երկար ժամանակ դիմակայել խոշորագույն արեւելյան եւ արեւմտյան տեխնոլոգիական հսկաների հետ մրցակցությանը: Եվ այս իմաստով պատասխանն ակնհայտ է. պետք է աջակցել տեղականներին, ինչպես դա անում են չինացիները, պարզապես շուկան փակելով բոլորի առջեւ: Եվ ինչպես դա անում են ամերիկացիները՝ շատ ընտրողաբար ինչ-որ մեկին ընդունելով իրենց շուկա, բայց ոչ մեկին չեն ընդունում որպես էկոհամակարգ:

Ոչ մի էկոհամակարգ երբեք չի կարողանա մրցակցել պետության հետ: Պետությունը կարող է հեշտությամբ հաղթել ցանկացած էկոհամակարգի: Իսկ կարգավորումը պետք է, որպեսզի ինչ-որ տեղ էկոհամակարգերը չանցնեն թույլատրելի սահմանները: Ասենք, պետության ղեկավարի օգտահաշվի չկարգավորված փակումը. իմ կարծիքով, սա թույլատրելի սահմանների բացահայտ խախտում է: Բայց փաստը կա, այն կուսումնասիրվի: Պետությունները ծանրաշարժ են, նրանք երկար ժամանակ ուսումնասիրում են իրավիճակը, բայց հետո կայացնում են կոշտ որոշումներ, որոնք պարտադիր են բոլորի համար:

Թվային ռուբլու մասին

Թվային ռուբլին, ակնհայտ, քայլ առաջ է: Իմ կարծիքով, այն պետք է: Որքանով այն պահանջարկ կունենա, կախված կլինի նրանից, թե որքանով արդյունավետ այն կիրագործվի:

Թվային ռուբլին ոչ մի կապ չունի SWIFT-ից անջատվելու պատժամիջոցներից պաշտպանվելու հետ: Ի՞նչն է խանգարում այսօր վճարել ցանկացած այլ արժույթով [բացի դոլարից]: Վճարային ենթակառուցվածքն այսօր բավականին զարգացած է: Այնտեղ բոլորովին այլ խնդիրներ են: Եվ թվային ռուբլին դրանց ոչ մի կերպ չի օգնի:

Իմ կարծիքով, թվային ռուբլին, եւ առհասարակ թվային արժույթները, կարող են շատ լուրջ որակական տեղաշարժ կատարել՝ համատեղելով բլոկչեյն հարթակների տեխնոլոգիայի հետ: Մենք հիմա շուկա ենք բերում մեր բլոկչեյն հարթակը: Այնտեղ, բնականաբար, իրականացվում է սմարթ պայմանագրերի ամբողջ ցիկլը: Եվ դրա կցորդը, իհարկե, կրիպտոգրաֆիկ հաշվարկային գործիքն է: Այս համակցմամբ դա էապես կփոխի տնտեսության ողջ լանդշաֆտը: Ընդամենը մեկ թվային արժույթը նույնպես մեծ թվով հնարավորություններ է ընձեռում, բայց այն չի կատարի այնպիսի հեղաշրջում, ինչպես դա կլինի բլոկչեյն հարթակի հետ համակցման դեպքում:
Դիտում՝ 2385
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW