Հայաստանն Արցախին կօգնի գույքային վնասի փոխհատուցման հարցում

22.04.2021 | 13:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մեսրոպ Առաքելյան #Հայաստան #Արցախ
Հայաստանը 10 տարվա ընթացքում յուրաքանչյուր տարի լրացուցիչ 10 մլրդ դրամ կհատկացնի Արցախի կառավարությանը՝ պատերազմի հետեւանքով գույքային վնաս կրած ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ֆինանսավորում տրամադրելու համար։

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ԱՀ կառավարությանն աջակցություն տրամադրելու վերաբերյալ համաձայնագրին։

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն ասել է, որ նախատեսվում է գույքային վնասի փոխհատուցում տրամադրել այն քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց, ովքեր պատերազմի հետեւանքով կորցրել են հասարակական եւ արտադրական նշանակության շենք, շինություն, մարդատար եւ բեռնատար ավտոմեքենաներ, գյուղատնտեսական, շինարարական եւ այլ տեխնիկա, ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործվող հիմնական միջոցներ, կաթնատու եւ մսատու կենդանիներ, մեղվաընտանիքներ, պտղատու եւ խաղողի այգիներ։

«Մինչեւ 5 մլն դրամ աջակցությունը տրամադրվելու է միանվագ ֆինանսական տեսքով, ավելին՝ մուրհակի տեսքով, որը հնարավորություն կտա Արցախում գործարար ծրագրեր իրականացնել։ Միաժամանակ, մուրհակը նաեւ 5 տարվա ընթացքում տարեկան 10% եկամտաբերություն կապահովի: Այսինքն՝ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու ցանկության բացակայության դեպքում քաղաքացիները կարող են պասիվ եկամուտ ստանալ։ Ոչ բնակելի շենք եւ շինությունների կորստի պարագայում աջակցության չափը կարող է հասնել մինչեւ 100 մլն դրամի»,- ասել է նախարարը։



Մեսրոպ Առաքելյանը նշել է, որ մեկ այլ ծրագրով նախատեսվում է իրականացնել պատերազմի հետեւանքով Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում նախկինում բնակվող քաղաքացիների, ֆիզիկական անձանց վարկային պարտավորությունների ամբողջական եւ իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների մինչեւ 50%-ի փոխհատուցում։

«Նաեւ նախատեսվում է առաջիկա 3 տարիներին Արցախում մշտապես բնակվող քաղաքացիների, ֆիզիկական անձանց հիփոթեքային եւ գյուղատնտեսական, փոքր ձեռնարկատիրական գործունեության վարկերի մասնակի կամ ամբողջական փոխհատուցում»,- ասել է նա։

Մեսրոպ Առաքելյանը նաեւ ասել է, որ նախատեսվում է ՀՀ պահուստային ֆոնդից Արցախին տրամադրել 4 մլրդ 67 մլն դրամ դրամաշնորհ՝ 2020թ․ դեկտեմբեր-հունվար ամիսների քաղաքացիների կոմունալ վճարների փոխհատուցման համար։
Նախարարը նշել է, որ էլեկտրաէներգիայի, գազամատակարարման եւ կապի ծառայությունների սուբսիդավորումը շարունակվելու է ամբողջ 2021թ․ ընթացքում։
Դիտում՝ 1087
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW