ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների ռիսկեր է հայտնաբերել հարկ վճարողների մոտ

16.04.2021 | 15:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #տնտեսվարող #Կարինե Ներսիսյան
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) նշում է, որ չգրանցված աշխատողների ռիսկերի բացահայտումը դարձել է ավելի արդյունավետ, իսկ ստուգումները՝ ավելի հասցեական՝ շնորհիվ վերլուծական կարողությունների կատարելագործման։

Մինչ հսկողական աշխատանքներ սկսելը հարկային մարմինը նախ համապարփակ ուսումնասիրություն է կատարում, գնահատում ռիսկերը, ապա ծանուցում տնտեսվարողին:

Հարկային տեղեկատվության եւ ռիսկերի վերլուծության վարչությունը 2021թ․ մարտ ամսվա ընթացքում առանձնացրել է այն տնտեսվարողների ցանկը, որոնք որպես անհատ ձեռնարկատեր, չունենալով գրանցված աշխատող, իրենք են ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվում, միաժամանակ ամբողջական աշխատաժամանակով այլ գործատուի մոտ աշխատում եւ վարձատրվում:

«Նման ռիսկ ունեցող 770 անհատ ձեռնարկատիրոջ ուղարկվել է ծանուցում` առաջարկելով ներկայացնել պարզաբանումներ կամ գրանցել աշխատակիցներին, ինչի արդյունքում 183 անհատ ձեռնարկատեր ապրիլ ամսվա սկզբի դրությամբ գրանցել է շուրջ 200 աշխատողի:

Ծանուցումներին արձագանքած տնտեսվարողները, չեզոքացնելով ներկայացված ռիսկերը, զերծ են մնացել լրացուցիչ հսկողական միջոցառումներից, խուսափել տուգանքներից, միաժամանակ վերականգնվել են աշխատողների իրավունքները: Իսկ աշխատակիցներին դեռեւս չգրանցած 587 անհատ ձեռնարկատերերի գործունեության նկատմամբ մշտադիտարկումը շարունակվում է եւ վարքագիծը չփոխած ռիսկային հարկ վճարողների նկատմամբ, անհրաժեշտության դեպքում, կնախաձեռնվեն ստուգողական միջոցառումներ՝ գնահատված ռիսկերը հաստատելու կամ հերքելու ուղղությամբ»,- ասել է ՊԵԿ հարկային տեղեկատվության եւ ռիսկերի վերլուծության վարչության պետ Կարինե Ներսիսյանը։

Նա նաեւ նշել է, որ էլեկտրոնային հսկողություն է իրականացվում վերլուծական բաժիններում եւ մոնիտորինգի կենտրոնում` ՀԴՄ-ով, հաշվարկային փաստաթղթերով գործարքների, իրացման շրջանառության, այդ թվում՝ վաճառվող ապրանքների (արտադրանքի) գների թերհայտարարագրման, եկամտային հարկի ու աշխատողների ձեւակերպման մասով։
Դիտում՝ 3099

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW