Իրանում կստեղծվի Հայաստանի առեւտրական կցորդի հաստիք։ Այդ մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։ Նշվում է, որ նոր հաստիքի ստեղծումը թույլ կտա առավել արդյունավետ ներկայացնել Հայաստանի տնտեսական շահերն առեւտրին եւ տնտեսական համագործակցությանն առնչվող տարբեր ոլորտներում, դյուրացնել հայկական եւ իրանական տնտեսավարող սուբյեկտների կողմից առեւտրատնտեսական համագործակցության բնագավառում գործարքների իրականացումը, օժանդակել երկու երկրների միջեւ գործարար նախաձեռնությունների ակտիվացմանը: Առեւտրական կցորդի հաստիքի ստեղծումը հնարավորություն կտա նաեւ առավել օպերատիվ կերպով տեղեկատվություն ստանալ Իրանի տնտեսական իրավիճակի, արտաքին տնտեսական գործունեության ոլորտը կարգավորող օրենսդրության մասին, ինչպես նաեւ Հայաստանի վերաբերյալ նմանատիպ տեղեկություններ հաղորդել Իրանի շահագրգիռ մարմիններին: Առեւտրական կցորդի հիմնական պարտականություններից է նաեւ տեղում կազմակերպվող գործարար համաժողովներին մասնակցությունը եւ Հայաստանի գործարար միջավայրի ներկայացումը, Հայաստանում ներդրումային գործունեությամբ հետաքրքրվող Իրանի ձեռնարկատերերին եւ ընկերություններին համապատասխան տեղեկատվության տրամադրումը եւ այլն: «Քննարկվում է Հայաստանում համատեղ ընկերություններ կամ իրանական ընկերությունների մասնաճյուղեր հիմնելու հետ կապված հարցերը։ Այդ գործընթացներում կարեւորվում է նաեւ տրանսպորտային խոչընդոտների վերացումը եւ ֆինանսական փոխանցումների դյուրացմանն ուղղված համատեղ քայլերի ձեռնարկումը։ Ըստ հիմնավորման՝ քննարկումներ են ընթանում առեւտրական ներկայացուցիչների եւ կցորդների աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ»,- հայտնել են ՀՀ կառավարությունից։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն` Հայաստանի առեւտրաշրջանառությունն Իրանի հետ 2020 թվականին կազմել է $400,2 մլն, այդ թվում՝ արտահանումը Հայաստանից Իրան կազմել է $84,8 մլն, իսկ Իրանից Հայաստան ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է $315,4 մլն։ Tweet Դիտում՝ 1041