Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Կառավարության այսօրվա նիստում ասել է, որ Ամանորի տոների հաջորդող ոչ աշխատանքային օրերի կրճատումը կնպաստի Հայաստանի ուժեղ տնտեսության կայացմանը։ Նախարարի ներկայացրած օրենքի նախագծով առաջարկվում է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը եւ 7-ը սահմանել որպես աշխատանքային օրեր։«Այն կարգավորումները, որ մենք ունենք այսօր Հայաստանի տնտեսական կյանքից, ըստ էության ջնջում են 10 օր, որի ընթացքում խրախճանքի 10-օրյակ է մեր երկրում հայտարարվում։ Հայաստանի ապագայով հետաքրքրված քաղաքացիները, գործարարները, բիզնեսը, ամբողջ տնտեսությունը չեն կարող թույլ տալ նման շռայլություն»,- ասել է էկոնոմիկայի նախարարը։Նրա խոսքով՝ օրենքի ընդունմամբ Հայաստանի տարեկան Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կաճի 88 մլրդ դրամով կամ 1,5%-ով։«Համախառն թվարկման ծավալը կավելանա 123 մլրդ դրամով, որից առեւտրի թողարկումը՝ 47,5 մլրդ դրամով, արդյունաբերության թողարկումը կավելանա 35,4 մլրդ դրամով, ծառայությունների թողարկման ծավալը՝ 33,9 մլրդ-ով եւ այլն։ Սրանք չափից ավելի նշանակալից թվեր են, որպեսզի մենք կարողանանք մեզ թույլ տալ հրաժարվել այս օրերին աշխատելուց։ Կան, իհարկե, բազմաթիվ հարցեր, որոնք պետք է լուծվեն, այդ թվում՝ աշխատողների իրավունքների պաշտպանությունը, աշխատանքի արտադրողականության կտրուկ բարձրացմանն ուղղված հարցերը»,- ասել է Վահան Քերոբյանը։Օրենքի նախագծին դեմ է արտահայտվել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը եւ նշել, որ 5 աշխատանքային օրվա կրճատումը էականորեն նվազեցնում է տարվա ընթացքում աշխատողների հանգստի օրերի քանակը։ Կառավարությունն օրենքի նախագիծն ընդունել է մեկ դեմ ձայնով։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այն դեռեւս պետք է ընթերցումներ անցնի Ազգային ժողովում։«Բավական երկար ժամանակ ունենք հարցը քննարկելու, հանրային տրամադրությունները հասկանալու եւ կարծիքները ստուգելու համար։ Սա պետք է ընդունենք ոչ թե որպես վերջնական քաղաքական որոշում, այլ՝ առաջարկ, որն արվում է հանրությանը, մեզ բոլորիս՝ մտածելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը եւ հավելել, որ վերջնական որոշում կկայացվի բոլոր կարծիքները, փաստարկները լսելուց, հաշվարկներն անելուց հետո։ Tweet Դիտում՝ 2192