ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) գործակցությունը ԵԱՏՄ շրջանակում կակտիվանա էլեկտրոնային հարթակում: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի օրակարգում գտնվող փոխադարձ առեւտրի ֆիսկալ մոնիթորինգի համակարգի նախագծի շնորհիվ ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ բիզնես գործընթացների փաստաթղթավորումը կիրականացվի միասնական հարթակում: Էլեկտրոնային մեկ փաստաթղթով ամբողջ տեղեկատվությունը հասանելի կլինի տվյալ գործարքի մասնակից երկրների հարկային մարմիններին ու գործարարներին: ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության տեղեկատվական համակարգերի փոփոխությունների կառավարման եւ ազդեցությունների գնահատման բաժնի պետ Լուսինե Այվազյանի խոսքով՝ անուղղակի հարկերի վճարման եւ ապրանքի ներմուծման վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու եւ հաստատելու անհրաժեշտություն այլեւս չի լինի, որը բավականին երկար գործընթաց է:«Ստվերի դեմ պայքարի գործիքներից կլինի նաեւ ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծվող ապրանքների հետագծելիության համակարգը: Հետագծելիության սկզբունքով հսկողություն կիրականացվի երրորդ երկրներից ներմուծված ռիսկային բոլոր ապրանքների եւ դրանց մաքսանենգ շարժի նկատմամբ: Խոսքը սակայն չի վերաբերի ԵԱՏՄ երկրներում վերամշակվող, մանրածախ առեւտրում իրացվող եւ անձնական նպատակով օգտագործվող ապրանքներին: Գործընթացը կիրագործվի փուլային եղանակով. ԵԱՏՄ երկրներում կստեղծվեն հետագծելիության ազգային համակարգեր: Էլեկտրոնային կառավարման համակարգերի կիրառման փորձի փոխանակման նպատակով կստեղծվեն աշխատանքային խմբեր, որոնք կքննարկեն ԵԱՏՄ տարածքում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության միասնականացման մեխանիզմները: Նախատեսվող միջոցառումների արդյունքում ԵԱՏՄ շրջանակում փաստաթղթաշրջանառությունն ամբողջովին կդառնա էլեկտրոնային»,- ասված է ՊԵԿ հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 1115