Քաղաքացիներն այսուհետ հնարավորություն կունենան անվճար ճշտելու թանկարժեք մետաղից պատրաստված իրենց իրերի իրական քաշը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ին հատկացված բարձր ճշտություն ապահովող կշեռքներով: Մինչեւ 1,2 կգ քաշով կշռելու հնարավորություն ունեցող կշեռքների հիմնական նպատակը տարբեր չափման տիրույթներում անհրաժեշտ չափման ճշտությունների ապահովումն է՝ զանգված եւ հարակից մեծությունների չափումների լաբորատորիայի կազմում: Նախարարությունից հայտնում են, որ բարձր ճշտություն ապահովող կշեռքների միջոցով հնարավոր է որոշել նաեւ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի զանգվածները: «Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմինը» քաղաքացիների համար առաջիկայում կհայտարարի բաց դռների օր, որի ընթացքում բոլոր դիմողները (կամավոր սկզբունքով) հնարավորություն կստանան անվճար ճշտելու իրենց` թանկարժեք մետաղից պատրաստված իրերի իրական քաշը:Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված կշեռքները լեհական «Ռադվագ» ապրանքանիշի են: «Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ին կառավարության կողմից հատկացվել են նաեւ համեմատիչ կշեռքներ (Mass Comparators), E1-M2 դասի կշռաքարեր եւ կշռաքարերի հավաքածուներ (1 մգ – 50 կգ) եւ այլ օժանդակ սարքավորումներ: Tweet Դիտում՝ 1110