Հինգ տարում երիտասարդ միլիարդատերերի թիվն աշխարհում կրկնապատկվել է

13.04.2021 | 13:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#Hurun #Մարկ Ցուկերբերգ #Չժան Իմին
Առնվազն $1 մլրդ կարողություն ունեցող 40 տարեկանից ցածր միլիարդատերերի թիվն այս տարի աշխարհում ավելացել է՝ հասնելով 79-ի, ինչը 26-ով ավել է, քան 2020 թվականին: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է Hurun բիզնես պարբերականի կողմից այսօր հրապարակած ուսումնասիրության մեջ:

Վարկանիշում ընդգրկված միլիարդատերերի ընդհանուր կարողությունը տարվա ընթացքում աճել է շուրջ $230 միլիարդով եւ ներկայումս կազմում է մոտ $523 մլրդ: Երիտասարդ գործարարներից 74-ին հաջողվել է զգալիորեն ավելացնել իրենց կարողությունը:

Այս ցուցակի հարուստ մարդիկ բնակվում են Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Հնդկաստանում, Կանադայում, Չինաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, ԱՄՆ-ում, Սինգապուրում եւ Շվեդիայում: Նրանց մեծ մասն ապրում է ԱՄՆ-ում, Չինաստանում եւ Հնդկաստանում:

Երիտասարդ միլիարդատերերի վարկանիշը գլխավորում է Facebook-ի 36-ամյա հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ մոտ $100 մլրդ կարողությամբ: Երկրորդ տեղում է ByteDance ընկերության 38-ամյա ղեկավար չինացի Չժան Իմինը (TikTok հայտնի հավելվածի նախագծողը - խմբ.), ում կարողությունը գնահատվում է մոտ $53 մլրդ: Վարկանիշային աղյուսակի լավագույն եռյակը եզրափակում է Beijing Kuaishou Technology-ի 39-ամյա հիմնադիր Սու Հուանը՝ մոտ $23 մլրդ կարողությամբ:

Մինչեւ 40 տարեկան աշխարհի դոլարային միլիարդատերերի վարկանիշը կազմվում է Hurun բիզնես պարբերականի կողմից վերջին հինգ տարվա ընթացքում: 2016-ին վարկանիշում ընդգրկված էր 39 մարդ:
Դիտում՝ 2646

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW