Գյուղոլորտի նոր նախագծեր են մեկնարկել Երեւանում եւ Հրազդանում

09.04.2021 | 13:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#Էկոնոմիկայի նախարարություն #Համաշխարհային բանկ #ՀԳՌԿՄ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում (ՀԱԱՀ) ապրիլի 8-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից Համաշխարհային բանկի (ՀԲ) աջակցությամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» (ՀԳՌԿՄ) 2-րդ ծրագրի շրջանակում բացվել է արհեստական սերմնավորման մուլյաժներով կահավորված լսարան։


Լսարանը համալրված է լինելու գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման մի շարք մուլյաժներով` ծննդագիտության դասընթացները բարձր մակարդակով անցկացնելու համար։ Մուլյաժները պատրաստված են՝  հաշվի առնելով կենդանիների անատոմիական առանձնահատկությունները, նորարարական նյութերի եւ էլեկտրասնուցման շնորհիվ դրանք ստեղծում են իրական օրգանների տպավորություն:

Օգտագործելով նմանատիպ մուլյաժներ` այլեւս կարիք չի լինի ուսուցողական նպատակներով սպանդանոցից բերել սպանդի ենթարկած կենդանիների օրգաններ, որոնց պահպանման եւ օգտագործման ժամկետները խիստ սահմանափակ են եւ պահանջում են հատուկ պայմաններ:

ՀԳՌԿՄ2 ծրագրի շրջանակներում ձեռք են բերվել արհեստական սերմնավորման եւ անասնաբուժական գործիքներ, ուսումնական սարքավորումներ, մանրադիտակ՝  նախատեսված կենդանիների սերմնահեղուկի ստուգման համար:

Նախատեսվում է նաեւ ձեռք բերել շուրջ 50 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարի համակարգչային սարքավորումներ։

Հետագայում այս մասնաշենքում կստեղծվի մեծ կարողություններով հագեցած անասնաբուժության գիտակրթական ժամանակակից կենտրոն։

Նույն օրը ՀԳՌԿՄ ծրագրի շրջանակում ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքում բացվել է Անասնաբուժական եւ գյուղատնտեսական սպասարկման կենտրոն:

Մասնագիտացված կենտրոնը նպաստելու է առաջադեմ տեխնոլոգիաների ներդրմանը եւ ֆերմերային տնտեսությունների զարգացմանը, ինչն, իր հերթին, խթանելու է Հայաստանում անասնապահության ոլորտի զարգացումը:  

Կենտրոնը տեղի գյուղացիական տնտեսություններին տրամադրելու է ծառայությունների ամբողջական փաթեթներ, կապեր է ստեղծելու գյուղատնտեսների եւ միջազգային ընկերությունների միջեւ, որոնք տրամադրում են պարագաներ, սարքավորումներ եւ տեղեկատվություն անասնապահության կառավարման զարգացման նոր տեխնոլոգիաների վերաբերյալ։

Կենտրոնը հագեցած է լինելու արհեստական սերմնավորման եւ անասնաբուժական ժամանակակից սարքավորումներով եւ գործիքներով։ Այն էական դեր է խաղալու  շուկայական կապերի հաստատման գործում, ինչպես նաեւ հասանելի է դարձնելու ֆինանսական ռեսուրսները տեղի ֆերմերների եւ ՓՄՁ-ների համար։ Կենտրոնը համագործակցելու է նաեւ շրջակա համայնքների անասնաբույժների եւ արհեստական սերմնավորող տեխնիկների հետ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հիշեցրել են, որ ՀԳՌԿՄ 2-րդ ծրագրի շրջանակում սա արդեն երկրորդ կենտրոնն է․ առաջինը բացվել է Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքում։

Դիտում՝ 1469
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW