Համավարակը հանգեցրել է համաշխարհային միջին խավի կտրուկ նվազմանը

07.04.2021 | 16:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Bloomberg #համավարակ #միջին խավ

Համավարակի ընթացքում շուրջ 150 մլն մարդ ամբողջ աշխարհում իջել է սոցիալական վերելակով, իսկ միջին խավը 30 տարվա մեջ առաջին անգամ նվազել է, հաղորդում է The Bell-ը՝ վկայակոչելով Bloomberg-ը:


«Անցած մի քանի տասնամյակների ընթացքում տնտեսապես ամենանշանակալի միտումներից մեկը համաշխարհային միջին խավի ձեւավորումն էր: Ակնկալիքը, որ այս խումբը կշարունակի աճել, կորպորացիաների բիզնես պլաններում եւ ներդրողների ռազմավարություններում կենտրոնական ենթադրությունն էր: Սակայն այս միտումը խափանվեց համավարակի պատճառով»,- գրում է պարբերականը:

Pew Research Center-ի վերջին գնահատականներով՝ համաշխարհային միջին խավը (ուսումնասիրության մեջ դրան վերաբերում է օրական $10-ից մինչեւ $50 եկամուտ ունեցող բնակչությունը) անցած տարի՝ 90-ականներից ի վեր առաջին անգամ, կրճատվեց: Մոտ 150 մլն մարդ՝ թիվ, որը հավասար է Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի բնակչությանը միասին վերցրած, կտրուկ իջել է սոցիալ-տնտեսական վերելակով:

Օրինակ՝ Հնդկաստանում միջին խավը կրճատվել է 32%-ով, Հարավային Ասիայի երկրներում՝ 25%-ով, Սահարայից ներքեւ գտնվող աֆրիկյան երկրներում՝ 11%-ով եւ Մերձավոր Արեւելքում՝ 10%-ով: Չինաստանում միջին խավը կրճատվել է 4%-ով, իսկ եվրոպական երկրներն ու Կենտրոնական Ասիան կորցրել են 3%:

Ինչպես նշում է Bloomberg-ը, միջին խավի կրճատումը նշանակում է մարդկանց սպառողական սովորությունների իրական փոփոխություն արդեն այսօր:

Օրինակ՝ Հնդկաստանում մարդկանց մեծամասնության համար մեքենա ունենալը դարձել է անհասանելի. 12 ամիսների ընթացքում՝ 2020-ի փետրվարից մինչեւ 2021 թվականի փետրվարը, ավտոմեքենաների վաճառքը երկրում կրճատվել է ավելի քան 18%-ով:

Իսկ Բրազիլիայում, որը աշխարհում սթեյքներով հայտնի երկիր է, մսի սպառումը նվազել է 5%-ով՝ մեկ շնչի հաշվով հասնելով 29,3 կիլոգրամի՝ 1996 թվականից ի վեր ամենացածր մակարդակը: Բրազիլացիներն այժմ ավելի թանկ միսը փոխարինում են հավի ձվերով (դրանց սպառումը աճել է 54%-ով) եւ հավով (+ 9,7%):

Դիտում՝ 2321
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW