Կարեւորվել է ԵԱՏՄ-ում արդյունաբերական համագործակցության ակտիվացումը
07.04.2021 | 11:29 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայություն




Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) արդյունաբերական քաղաքականության խորհրդի երրորդ նիստի մասնակիցները Տաշքենդում ապրիլի 5-ին քննարկել են ԵԱՏՄ-ում արդյունաբերական համագործակցության տեմպը բարձրացնելու խնդիրը:
Նիստի օրակարգի առանցքային հարցը ավիացիոն արդյունաբերության ոլորտում ԵԱՏՄ երկրների միջեւ համագործակցության ակտիվացումն է եղել:
«Այս ոլորտում մեր երկրների ձեռնարկությունների ներուժը շատ մեծ է, եւ այն պետք է ամբողջությամբ իրացվի: Ռուսական կողմից նախաձեռնություն կար` Միության շրջանակում ստեղծել համատեղ հանձնաժողով` օտարերկրյա եւ բարձր տեխնոլոգիական արտադրանքի ներմուծման փոխարինման հարցով: Դա անհրաժեշտ է, որպեսզի մեր երկրները կարողանան զարգացնել ինչպես արտադրական, այնպես էլ օդային փոխադրումների ոլորտը: Նման հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առաջարկներն արդեն ուղարկվել են Ռուսաստանի կառավարություն», - նշել է ԵՏՀ արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը։
Նա նաեւ տեղեկացրել է ԵՏՀ հարթակում գործող արդյունաբերության հարցերով խորհրդատվական կոմիտեի ներքո ավիացիոն արդյունաբերության ոլորտում ճյուղային փորձագիտական խումբ ստեղծելու մասին:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ նշել է.
«Արդյունաբերական քաղաքականության խորհուրդը արդյունավետ հարթակ է մեր համատեղ աշխատանքի միջանկյալ արդյունքների ամփոփման համար եւ մեր արդյունաբերական քաղաքականության համակարգման գործում կարեւոր նախաձեռնությունների հիմք է հանդիսանում։ Մեզ սպասում է ծավալուն համատեղ աշխատանք փոխգործակցության բոլոր ոլորտներում, մասնավորապես` կոոպերացիոն համագործակցության ընդլայնման, դեպի երրորդ երկրներ մեր ապրանքների առաջմղման, ԵԱՏՄ տարածքում ապրանքների, ծառայությունների եւ աշխատուժի տեղաշարժի խոչընդոտների ու սահմանափակումների հաղթահարման, մաքսային համագործակցության, տեխնիկական կարգավորումների թվայնացման ուղղությամբ»:
Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ նիստի ընթացքում հավանության է արժանացել «Արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները մինչեւ 2025 թվականը» նոր ռազմավարական փաստաթղթի նախագիծը, որը կօգնի հաղթահարել այնպիսի լուրջ մարտահրավերներ, ինչպիսիք են աճող մրցակցությունը եւ տեխնոլոգիական հետամնացությունը:
Կողմերը քննարկել են Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) մասնակցությամբ ԵԱՏՄ երկրների կոոպերացիոն ծրագրերի ֆինանսավորման հնարավոր գործիքները: ԵՏՀ-ն եւ ԵԱԶԲ-ն համագործակցում են համակարգված հիմունքներով: Նախագծային պորտֆելն ընդլայնելու համար ֆինանսավորման նվազագույն շեմն իջեցվել է $30 մլն-ից մինչեւ $10 մլն, մշակվել է տոկոսադրույքների իջեցման հարցը, ինչն արտացոլված է ԵԱԶԲ-ի՝ 2018- 2022թթ. ռազմավարության մեջ:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: