«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում 40 ընտանիքի համար 2 շենք է կառուցում

06.04.2021 | 15:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Հայաստան» հիմնադրամ #Հայկակ Արշամյան #Գյումրի
«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մեր Գյումրի» ծրագրի շրջանակում մեկնարկել է երկու բազմաբնակարան շենքերի եւ 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման աշխատանքները:

Արդյունքում կլուծվի աղետի հետեւանքով տնակներում ապրող շուրջ 40 ընտանիքի կացարանի խնդիրը:

Հիմնադրամից հայտնում են, որ շահառուների ընտրությունը կկատարվի հիմնականում սոցիալապես անապահով բնակիչներից` Գյումրու քաղաքապետարանի եւ Շիրակի մարզպետարանի հետ համագործակցությամբ։

«Մենք ունենք հսկայական շահառուների ցանկ, ովքեր տարիների ընթացքում դիմել են Հիմնադրամին: Հընթացս` այս մեկուկես տարվա ընթացքում, մենք մանրակրկիտ ու զգույշ աշխատանք կկատարենք, որպեսզի լիովին ուսումնասիրենք շահառուների ցանկն ու բնակարաններ տրամադրենք ամենակարիքավորներին»,- նշել է հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:

Բնակարաններն ու մանկապարտեզը սնուցվելու են արեւային հոսանքով, որի շնորհիվ էապես կկրճատվեն շենքի բնակիչների էլեկտրաէներգիայի ծախսերը։ Տանիքներին արեւային վահանակների տեղադրումը եւս կատարվելու է «Հայաստան» հիմնադրամի ծրագրերի շրջանակում։

Կլուծվի նաեւ տարածքի բնակիչների զբաղվածության խնդիրը: Շենքերի ձեղնահարկերում կգործեն արվեստանոցներ, որտեղ տարբեր ոլորտի մասնագետները դասընթացներ կկազմակերպեն թաղամասի բնակիչների համար` նրանց տալով նոր մասնագիտություն ստանալու եւ աշխատելու հնարավորություն:

Ակնկալվում է շենքերը շահագործման հանձնել 2022-ի կեսերին:
Դիտում՝ 1691

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW