«Զորահ»-ի հիմնադիրը մտադիր է հիմնել կարասագործության դպրոց եւ հյուրանոցային համալիր

29.03.2021 | 15:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#Զորիկ Ղարիբյան #«Զորահ» #Վահան Քերոբյան
Մարտի 28-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է «Զորահ» գինեգործական ընկերություն՝ ծանոթանալու ընկերության հիմնադիր տնօրեն Զորիկ Ղարիբյանի՝ հայկական գինեգործության զարգացման հեռանկարով գինու հնեցման համար կարասների պատրաստման ավանդույթը վերականգնելու ծրագրին։

Զորիկ Ղարիբյանը կնոջ՝ Երազի հետ մտադիր է հիմնել կարասագործության դպրոց, որտեղ կպատրաստվեն վարպետներ ոչ միայն իրենց գործարանի եւ Վայաց ձորի մարզի, այլեւ Հայաստանի բոլոր գինեգործական ընկերությունների համար։

Նրանք վստահ են, որ այս նախաձեռնությունը կնպաստի, որպեսզի Հայաստանը, վերականգնելով իր վեցհազարամյա գինեգործական ավանդույթները եւ համադրելով դրանք  ժամանակակից լավագույն փորձի ու տեխնոլոգիաների հետ, նաեւ օգտագործելով խաղողի զուտ բնիկ սորտերը, հեղինակավոր եւ առաջատար դեր ստանձնի համաշխարհային գինեգործության ոլորտում։

Սփյուռքահայ գործարար Զորիկ Ղարիբյանը Հայաստանում խաղողագործությամբ եւ գինեգործությամբ սկսել է զբաղվել 2001 թվականից՝ նպատակ ունենալով հայկական խաղողից արտադրել բարձրորակ գինի եւ ներկայացնել այն աշխարհին:

Գործարարը գինու հնեցման համար օգտագործում է գուղացիներից ձեռք բերված հին կարասներ, ինչն էլ Հայաստանում կարասագործության ավանդույթը վերականգնելու գաղափարի հիմք է հանդիսացել։ «Զորահ» գործարանի գինին արտահանվում է 25 երկրներ, այն Bloomberg-ի ցուցակում լավագույնների տասնյակում է:

«Զորահ» գինեգործարանի տնօրենն գործարանին հարակից տարածքում նախաձեռնել է նաեւ փոքր հյուրանոցային համալիրի կառուցում՝ գինեգործության ոլորտի մասնագետների, ինչպես նաեւ «Զորահ»-ի բոլոր այցելուների համար, ովքեր, բացի գինի համտեսելուց, հնարավորություն կունենան շրջելու խաղողի այգիներով,  ծանոթանալու գինեգործական աշխատանքներին, նաեւ վայելելու բնության չքնաղ տեսարանները։ Ծրագրերում կա նաեւ գինեգործարանի տարածքից դեպի Ռինդ գյուղ տանող ճանապարհի կառուցումը։

Վահան Քերոբյանը ողջունել է ներկայացված ծրագրերը եւ կարեւորել դրանց իրականացումը ինչպես Հայաստանի գինեգործության, այնպես էլ զբոսաշրջության զարգացման տեսակետից։ Նախարարը պատրաստակամություն է հայտնել հնարավորության շրջանակում օժանդակել ծրագրերի իրագործմանը։

Էկոնոմիկայի նախարարն այցելել է նաեւ Գնիշիկի հնագիտական համալիր եւ Արենի քարանձավ 1։ Հնագիտական աշխատանքների ղեկավար Բորիս Գասպարյանը նախարարին ներկայացրել է իրականացվող եւ նախատեսվող աշխատանքները, նշել, որ կա նպատակ վերականգնելու տեղի վայրի խաղողի այգիները։ Բորիս Գասպարյանը Վահան Քերոբյանին տեղեկացրել է նաեւ որոշ խնդիրների մասին։

Էկոնոմիկայի նախարարը հանձնարարել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Ալֆրեդ Քոչարյանին զբոսաշրջության զարգացման ծրագրերի շրջանակներում ցուցաբերել համապատասխան աջակցություն։
Դիտում՝ 1446
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW