Արցախի նախագահ․ Երեք տարում կկառուցվի առնվազն 5 հազ. բնակարան

25.03.2021 | 16:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արցախ #Արայիկ Հարությունյան #Նիկոլ Փաշինյան #
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ  այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Արցախում իրականացվող եւ առաջիկայում նախատեսվող ծրագրերը։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է, որ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի արդյունքները շոշափելի են։

«Արցախի բնակչության մեծ մասը՝ մոտ 120 հազ. քաղաքացի այժմ բնակվում է Արցախում եւ բնականոն կյանքի առումով, կարծես թե, հաջողվել է ապահովել այն ամենն, ինչ պետք է։ 30 հազ. բնակիչներ գտնվում են Հայաստանում, բարեբախտաբար շատ քիչ մասն է լքել ՀՀ տարածքը»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Նա նշել է, որ այս փուլում գլխավոր խնդիրը բնակարանաշինությունն է, որ 2,5-3 տարիների ընթացքում պետք է կառուցվի առնվազն 5-5,58 հազ. բնակարան:

«Սոցիալական վճարների առումով համարում եմ, որ դեռ մի քանի ամիս խնդիրը լուծված է եւ որեւէ արցախցի ընտանիք չի ունենալու հացի խնդիր, քանի որ նպաստները եւ միանվագ տրամադրված գումարները ժամանակավոր բավարարում են: Բայց բնակարանների կառուցման, տրամադրման խնդրի եւ աշխատատեղերի, եկամտի ապահովման առումով ունենք շատ անելիքներ։ Երկրորդ կարեւոր խնդիրը վնասների փոխհատուցման հարցն է, մեր շատ հայրենակիցներ կրել են մեծ վնասներ, որոնց փոխհատուցման առումով եւս մենք պետք է միասին որոշում կայացնենք»,- ասել է Արցախի նախագահը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասել է, որ Արցախի բնականոն կյանքի վերականգնման հարցում կան բավականին շոշափելի արդյունքներ, բայց անելիքների ծավալը շատ մեծ է։

«Կարեւոր է, որ մեր քաղաքական վճռականությունն ու հանձնառությունն արտահայտենք այդ անելիքն ամբողջ ծավալով իրականացնելու եւ Արցախի ոչ միայն բնականոն կյանքի վերականգնման, այլեւ հետագա զարգացման մասին խոսենք, այդ ուղղությամբ կոնկրետ ծրագրեր իրականացնենք»,- ասել է Հայաստանի վարչապետը:
Դիտում՝ 1372
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW