Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) մեկնարկել է իր նորարարության վենչուրային ծրագրի երկրորդ փուլը՝ InVent 2.0-ը՝ թիրախավորելով այն անհատներին, ովքեր հետաքրքրված են իրենց մասնակցությունն ունենալ արհեստական բանականության հենքով ստարտափներում։ Ինչպես նշել են հիմնադրամում, սա կրթության եւ զարգացման հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են դուրս գալ իրենց հարմարավետության գոտու սահմաններից։Ծրագիրը համախմբում է տարբեր ոլորտներից մարդկանց՝ միանալու արհեստական բանականության ոլորտի մասնագետների հետ եւ աշխատելու FAST-ի սեփական մեթոդաբանությամբ մշակած եւ առաջարկած մարտահրավերների շուրջ։ Ծրագրի առաջին փուլում այս մարտահրավերները վերածվում են բիզնես գաղափարների, իսկ հետագա փուլերի ընթացքում թիմերն աշխատում են քոուչների հետ իրենց ստարտափները զարգացնելու եւ նախատիպի ֆինանսավորման համար փիչինգին պատրաստվելու նպատակով։ Ամերիաբանկը նույնպես միացել է ծրագրին որպես գործընկեր և ոլորտում առկա մարտահրավերներ է տրամադրելու թիմերին լուծումներ ստանալու նպատակով։ «InVent 1.0-ի շրջանակում մեր ստարտափները նախատիպի ստեղծման համար ստացել են $5000 ֆինանսավորում, գրանցել են իրենց նոր կազմակերպությունները եւ այժմ գտնվում են նախատիպի մշակման եւ փորձարկման փուլում: Մենք հետեւում ենք նրանց զարգացումներին InVent-ի համար հաջող շարունակականություն ապահովելու նպատակով։ InVent 2.0-ի ընդհանուր եւ կրթական ծրագրերում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ, որոնց նպատակն է մեծացնել մեր հաղթող թիմերի հնարավորությունները մտնելու աքսելերացիոն փուլ»,- ասել է FAST-ի նորարարությունների վերլուծաբան Աննա Խաչատրյանը: Տասնհինգշաբաթյա այս ծրագիրը բաց է ինչպես անհատների, այնպես էլ թիմերի համար․ երկու դեպքում էլ մասնակիցներն աշխատելու են FAST-ի կողմից առաջարկված գաղափարների վրա։ InVent 2.0-ի դասընթացները նախատեսվում են շաբաթական երկու անգամ երեկոյան ժամերին, որպեսզի մասնակիցները կարողանան համատեղել ծրագիրն իրենց առօրյայի հետ։ FAST-ը մեծ նվիրվածություն է ակնկալում InVent 2.0-ի մասնակիցներից` դիտարկելով InVent-ը որպես մասնագիտական փոփոխություններ բերող հնարավորություն։ Ծրագրի դիմումներն ընդունվում են մինչեւ 2021թ․-ի ապրիլի 7-ը ներառյալ։«Իր գործունեության առաջին 3 տարիների ընթացքում մեր հիմնադրամն իր ծրագրերի միջոցով ներգրավել է ավելի քան 4,600 շահառուների, այդ թվում՝ ուսանողների, հետազոտողների, ձեռներեցների, ստարտափների եւ քաղաքականություն մշակողների։ Մենք բազում ծրագրեր ենք իրականացրել հետազոտողների համար, որոնց միջոցով ֆինանսավորում ենք տրամադրել 43 հետազոտողների, աջակցել ենք միջազգային 21 համագործակցային հետազոտական ծրագրերի եւ Հայաստանում հյուրընկալել ենք օտարերկրյա մոտ 100 հետազոտողների։ Մի քանի նախագծերի ադյունքում 25 այց է կազմակերպվել միջազգային լաբորատորիաներ, եւ մոտ 70 գիտական աշխատանքներ են ստեղծվել, որոնցից 50-ն արդեն հրատարակվել են միջազգային հանդեսներում»,- ասված է հաղորդագրության մեջ։ Tweet Դիտում՝ 4062