ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը եւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ (ՀԿԵ) գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը քննարկել են ընկերության խնդիրները, առաջիկա ծրագրերն ու համագործակցության հեռանկարները։Ալեքսեյ Մելնիկովը Վահան Քերոբյանին տեղեկացրել է, որ առաջիկայում ընկերությունը կհամալրվի նոր շարժակազմով՝ հարմարավետ, ժամանակակից պահանջներին համապատասխանող ուղեւորատար վագոններով, էլեկտրագնացքներով։ «Նոր ուղեւորատար վագոնները բերվելու են ընթացիկ տարվա մայիս-հունիսին, իսկ նոր էլեկտրագնացքները՝ մինչեւ օգոստոսի 1-ը»,- ասել է նա:Անդրադառնալով խնդիրներին՝ Ալեքսեյ Մելնիկովը խոսել է մաքսային հսկողության առանց հանգստյան օրերի, շուրջօրյա աշխատանքի անհրաժեշտության, մաքսակետում ֆիտոսանիտարական ստուգումների բացակայության մասին, որը, նրա խոսքով, կարելի է կազմակերպել Այրումում, նաեւ անդրադարձել պետության կողմից ուղեւորափոխադրումների սուբսիդավորման հարցին։ ՀԿԵ տնօրենը կարեւորել է նաեւ տրանսպորտային-փոխանցումային հանգույցների ստեղծումը, երկաթգծի հարակից տարածքում եւ երկաթգծի երկայնքով բարեկարգ միջավայրի ապահովումը։Վահան Քերոբյանն էլ ներկայացրել է Գյումրիում «Չոր նավահանգիստ» եւ Արարատում Արդյունաբերական պարկ կառուցելու նախագիծը, նշել, որ լավ մասնագետների ներգրավմամբ նախատեսվում է ստեղծել միջավայր, որտեղ ընկերությունների համար հարմարավետ կլինի աշխատել, իսկ արտադրանքը կարտահանվի ԵԱՏՄ կամ երրորդ երկրներ։ Էկոնոմիկայի նախարարը շեշտել է, որ երկաթուղային կապը նշված նախագծի իրագործման պարտադիր մաս է կազմում։ Ալեքսեյ Մելնիկովն ասել է, որ Գյումրու կայարանն ունի մեծ թողունակության հնարավորություններ, ինչը կարելի է օգտագործել նախագծի իրագործման ժամանակ։Վահան Քերոբյանը նաեւ առաջարկել է դիտարկել հայ գործարարների՝ երկաթուղով կցորդներով փոխադրումներ կազմակերպելու պահանջարկը՝ բեռնատարներ, ավտոբուսներ տեղափոխելու համար։ Ալեքսեյ Մելնիկովը պատրաստակամություն է հայտնել գործարարների հետ առանձին-առանձին քննարկել տրանսպորտային լոգիստիկ սխեմաները։ Tweet Դիտում՝ 1729