Տիգրան Սարգսյանի դասախոսության չորս դրույթները

15.03.2021 | 12:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Սարգսյան #դասախոսություն
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Եվրասիական զարգացման բանկի Վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանի բաց դասախոսության դրույթները: Ժամանակակից աշխարհի գլոբալ միտումներին նվիրված դասախոսությամբ նա օրերս հանդես էր եկել Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանում։

Աշխարհը բարդանում է

Հայտնվում են հասարակության բոլոր սուբյեկտների փոխգործակցության նոր տեսակներ եւ ձեւեր, որոնք նախկինում գոյություն չեն ունեցել: Եվ փոխգործակցության այդ ձեւերի քանակն ավելանում է: Իսկ մեթոդաբանական տեսանկյունից հենց սա է բարդությունը: Նոր տիպի կապերի ի հայտ գալը նշանակում է զարգացում: Հասարակության որակական վիճակը փոխվում է, եւ հենց դրանում է զարգացման էությունը: Մեր հիմնական խնդիրն է  բացահայտել համաշխարհային միտումները, որոնք ծավալվում են մեր աչքի առաջ:
Աշխարհի բարդացման այս միտումը կշարունակվի:

Փոփոխությունների արագության ուժեղացում

Փոփոխությունների արագությունը թափ է հավաքում՝ միաժամանակ ստեղծելով լուրջ խնդիրներ մեր մտածողության, վարքի նորմերի եւ կյանքի տեմպի վերափոխման համար: Մենք ավելի իներցիոն ենք մեր մտածողության, սովորույթների, ապրելակերպի մեջ, քան այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում հիմնականում գիտատեխնիկական առաջընթացի շնորհիվ: Եվ այս նոր իրավիճակներին, նոր ապրելակերպին հարմարվելը կարեւոր հմտություն է եւ մարդու գոյատեւման միջոց: Որքան ավելի արագ պետք է գործենք, այնքան ավելի կոմպետենտ պետք է լինենք:



Բազային գործընթացի փոփոխություն

Եթե արդյունաբերական հասարակությունում բազային գործընթացն ապրանքների արտադրությունն է, եւ դրա շուրջ են ձեւավորվում մնացած բոլոր ենթակառուցվածքները, ապա այսօր բազային գործընթացը, որի շուրջ կազմակերպվում է հասարակությունը, մեր աչքի առաջ փոխվում է, եւ նոր գիտելիքների արտադրությունն է դառնում բազային գործընթաց։

Նախկինում հարուստ եւ ուժեղ համարվում էին այն պետությունները, որոնք հաղթում էին ապրանքների արտադրության մրցակցությունում․ ով ավելի շատ էր արտադրում ու վաճառում այդ ապրանքները, նա էլ համարվում էր առավել ուժեղ պետություն։ Իսկ այսօր փոփոխություն է տեղի ունենում. այն պետությունները, որոնք ավելի շատ նոր գիտելիքներ են արտադրում, համարվում են ուժեղ եւ ժամանակակից: Եվ ժամանակակից տնտեսության ամբողջ ավելացված արժեքը կուտակվում է հենց նոր գիտելիքների ոլորտում:

Աշխարհի փոխկապակցվածության եւ փոխներթափանցման ուժեղացում

Աշխարհը դառնում է ավելի փոխկապակցված, տեղի է ունենում փոխներթափանցում եւ փոխազդեցության ուժեղացում: Անգամ, չնայած տակտիկական մանեւրների, որոնք մենք այսօր նկատում ենք աշխարհում, մասնավորապես՝ նեոմեկուսացում, պրոտեկցիոնիզմ, երբ երկրները փորձում են պաշտպանել հայրենական արտադրողներին, փորձում են ինչ-որ կերպ մեկուսանալ աշխարհից, որպեսզի որոշակի ռիսկեր եւ սպառնալիքներ չթափանցեն իրենց տարածքներ, գիտատեխնիկական առաջընթացն օր-օրի ուժեղացնում է փոխկապակցվածությունն ու փոխներթափանցումը: Պետությունները, մարդիկ, բիզնեսները մարդկության պատմության մեջ երբեւէ չեն եղել այսքան միահյուսված եւ այսքան մոտ միմյանց, որքան այսօր:
Դիտում՝ 3280
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW