ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն այցելել է 2020 թվականին հայկական շուկա մուտք գործած «Բարի Կաթնամթերք» ընկերություն ու ծանոթացել ընկերության ներկայիս գործունեությանն ու առաջիկա ծրագրերին: 40-ից ավել աշխատակիցներ ունեցող ընկերությունը նախատեսում է առաջիկայում մեկնարկել նաեւ պանրի արտադրություն, մտադրություն կա արտադրել շուրջ 22 տեսակի պանիր։ Պանրի արտադրամասի գործարկումից հետո ընկերությունը նախատեսում է համալրվել եւս 30 աշխատակցով։ «Մենք պետք է միասին հասնենք բարձրորակ արտադրանքի, եւ անհրաժեշտ է, որ բոլորը գիտակցեն, թե որքան կարեւոր է ունենալ բարձրորակ արտադրանք․ թե ֆերմերները, որ մատակարարեն որակյալ կաթ, եւ թե վերամշակողները, որ կարողանան օգտագործել որակյալ հումք եւ արտադրել որակյալ արտադրանք։ Ոգեւորող է տեսնել, որ 2020-ին հիմնվել է կաթի վերամշակման գործարան, որտեղ ներդրվել են համաշխարհային առաջատար կազմակերպությունների տեխնոլոգիաները, միեւնույն ժամանակ հատկանշական է, որ հաջողության հասնելու գրավականը նման բիզնես մշակույթի ձեւավորումն ու զարգացումն է»,- ասել է Արման Խոջոյանը։ «Բարի Կաթնամթերք» ՍՊԸ-ն աշխատում է գյուղացիների եւ ֆերմերային տնտեսությունների հետ եւ մթերում է մոտ 115,0 հազար լիտր կաթ` աջակցելով գյուղացուն եւ խթանելով գյուղատնտեսությունը։ Ընկերությունը ներկայումս օգտագործում է իր արտադրական հզորությունների 25%-ը։ Հաշվի առնելով կաթնամթերքի արտադրանքի նկատմամբ կայուն պահանջարկը` ընկերությունը պլանավորում է ավելացնել արտադրանքի ծավալներն ու տեսականին։ Tweet Դիտում՝ 3456