Brexit-ից մեկ ամիս անց Լոնդոնը կորցրեց իր ամենամեծ ֆինանսական առեւտրի կենտրոնի պատմական կարգավիճակը: Հունվարին Լոնդոնում բաժնետոմսերի առեւտրի օրական ծավալը նվազեց մինչ €8,6 մլրդ, մինչդեռ Ամստերդամում այն գերազանցեց €9,2 միլիարդը, հայտնում է Frank Media-ն՝ վկայակոչելով Financial Times-ը: Ֆինանսական հատվածը ներառված չէր Brexit-ի հետ կապված գործարքում։ Բրյուսելը ԵՄ ֆինանսական հաստատություններին արգելել էր ֆինանսական գործարքներ իրականացնել Մեծ Բրիտանիայում: Դրանից հետո Ամստերդամի մասնաբաժինը բաժնետոմսերի առեւտրի շուկայում կրկնապատկվեց, պարզաբանում է Reuters-ը:Ամստերդամում բաժնետոմսերը վաճառվում են Euronext Amsterdam եվրոպական ֆոնդային բորսայում, որը մասնաճյուղեր ունի եվրոպական շատ մայրաքաղաքներում, ինչպես նաեւ Լոնդոնից տեղափոխված հարթակներում. ամերիկյան CBOE ստորաբաժանման եւ Լոնդոնի ֆոնդային բորսային պատկանող Turquoise հարթակում։ «Առեւտրի մի ամբողջ մշակույթ գոյություն ունի»,- նշում է Turquoise-ի գործադիր տնօրեն Ռոբերտ Բարնսը: Նա պարզաբանել է, թե ինչու հարթակը Լոնդոնից տեղափոխվեց Ամստերդամ, այլ ոչ թե Փարիզ: Նիդեռլանդների մայրաքաղաքը գրավեց այն պատճառով, որ այստեղ են գտնվում խոշոր ինստիտուցիոնալ բանկեր եւ մասնագիտացված առեւտրային ընկերություններ, ընթանում է դինամիկ մանրածախ առեւտուր, եւ սա մայրցամաքային Եվրոպայի կենտրոնն է: Իսկ CBOE-ի համար կարեւոր էր, որ Ամստերդամում լայնորեն կիրառվում է անգլերեն լեզուն, ինչպես նաեւ այն փաստը, որ գլոբալ ներդրողների նկատմամբ կիրառվում է լոյալ կարգավորում․ սա էապես տարբերում է Ամստերդամը եվրոպական մի շարք մայրաքաղաքներից, որոնք նախապատվությունը տալիս են ներքին շուկայում գործող ընկերություններին: Սակայն Ամստերդամի բացասական կողմերից այն է, որ այստեղ գործում է 2015թ․ ընդունած օրենքը, որը սահմանափակում է բոնուսները ֆինանսական ընկերություններում բազային եկամտից 20%-ի մակարդակում:Ըստ New Financial-ի՝ Brexit-ից հետո 47 ֆինանսական ընկերություն իրենց բիզնեսը տեղափոխեցին Լոնդոնից Ամստերդամ, 56-ը՝ Ֆրանկֆուրտ, իսկ 88-ը՝ Փարիզ: Էլեկտրոնային առեւտրային հարթակները, ինչպիսիք են CME-ն, MarketAxess-ը եւ Tradeweb-ը, տեղափոխվեցին Նիդեռլանդներ: Մի շարք ակտիվների կառավարիչներ եւ բանկեր նույնպես տեղափոխվել են Ամստերդամ, այդ թվում՝ Commonwealth Bank of Australia-ն, սակայն այդ երկու կատեգորիաների մեծ մասն ընտրեցին Փարիզը: Իսկ Ֆրանկֆուրտն ընտրեցին խոշոր ներդրումային բանկերը, ներառյալ՝ JPMorgan-ը, Citi-ն եւ Morgan Stanley-ը:Լոնդոնից Ամստերդամ համեմատաբար քիչ ֆինանսիստներ տեղափոխվեցին: Ըստ Նիդեռլանդների օտարերկրյա ներդրումների գործակալության՝ Մեծ Բրիտանիայից տեղափոխված ընկերություններն Ամստերդամում ստեղծել են շուրջ 1000 աշխատատեղ, մինչդեռ 2016թ․-ից Լոնդոնը լքել է 7,5-ից 10 հազ․ աշխատակից: Դա մասամբ պայմանավորված է նրանով, որ մեծ աշխատակազմ ունեցող խոշոր բանկերն իրենց համար այլ գրանցում են ընտրել:Չնայած այն հանգամանքին, որ այնքան էլ շատ ընկերություններ չեն տեղափոխվել Ամստերդամ, այնուամենայնիվ քաղաքը առաջատար է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են բրոքերային գործունեությունը, առեւտուրը, բորսաները եւ ֆինտեխը, ասում է New Financial-ի գործադիր տնօրեն Ուիլյամ Ռայթը:Refinitiv-ի տվյալներով՝ տեղաբաշխումների ծավալով Ամստերդամը 2021-ին դարձել է եվրոպական ամենախոշոր քաղաքը: Ընկերություններն IPO-ի միջոցով այստեղ ներգրավել են $3,4 մլրդ։ Ամենախոշորը դարձել է լեհական InPost-ի տեղաբաշխումը՝ €2,8 մլրդ։ Այստեղ են տեղաբաշխումն իրականացրել նաեւ իսպանական Allfunds ֆինտեխ ընկերությունը, WeTransfer հոլանդական ստարտափը եւ SPAC կատեգորիայի ընկերությունները, որոնցից մեկին աջակցում էր Commerzbank-ի նախկին գործադիր տնօրեն Մարտին Բլեսինգը, իսկ մյուսին՝ ֆրանսիացի միլիարդատեր Բեռնար Առնոն: Reuters-ի աղբյուրները բանկերում պարզաբանել են, որ Նիդեռլանդների կանոնները SPAC-ի մասով ամենամոտն են ԱՄՆ-ի նորմատիվներին: Tweet Դիտում՝ 3778