Կառավարության այսօրվա նիստում հաստատել է Արցախի հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու կարգը։ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն ասել է, որ Արցախի բոլոր քաղաքացիներին, բացառությամբ 18-63 տարեկան տղամարդկանց, ովքեր չունեն հաշմանդամության խումբ, 4 ամիս ժամկետով յուրաքանչյուր ամիս կտրամադրվի միանվագ աջակցություն՝ 68 հազար դրամի չափով։Նախարարը նշել է, որ այս աջակցության համար նախատեսվում է մոտ 30 մլրդ դրամի ծախս։«Աջակցության տրամադրումը բաժանված է երկու մասի․ 63 տարեկանից բարձր կենսաթոշակառուները եւ հաշմանդամություն ունեցող անձինք աջակցությունից օգտվելու համար դիմում գրելու անհրաժեշտություն չեն ունենա, այլ կստանան կենսաթոշակների հետ համատեղ։ Մյուս քաղաքացիները, փետրվարի 25-ից սկսած, հնարավորություն կունենան էլեկտրոնային կարգով դիմումներ ներկայացնել եւ մարտի 15-ից սկսած յուրաքանչյուր ամիս կստանան աջակցություն»,- ասել է նա եւ հավելել, որ 4 ամսվա աջակցության ծրագրից օգտվելու համար շահառուները կլրացնեն մեկ դիմում։ Մեսրոպ Առաքելյանը նաեւ ներկայացրել է մինչ այժմ արցախահայությանը տրամադրած սոցիալական ծրագրերի ընդհանուր պատկերը։«Կառավարության տարբեր որոշումներով հաստատվել է շուրջ 20 միջոցառում, որոնց մի մասն ամբողջությամբ կատարված է, մի մասն էլ ընթացքի մեջ է։ Բոլոր միջոցառումների շրջանակում ուղիղ ֆինանսավորվել է 21․5 մլրդ դրամ։ Ընթացիկ ծրագրերի շրջանակում, որոնք օրերս կավարտվեն, մինչեւ 3 մլրդ դրամի լրացուցիչ բյուջե ունենք, որը շահառուները շարունակելու են ստանալ»,- ասել է Մեսրոպ Առաքելյանը։ Tweet Դիտում՝ 2950