ԱԿԲԱ Բանկը հաճախորդներին նորովի է ներկայանում

12.02.2021 | 22:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱԿԲԱ Բանկ #ռեբրենդինգ
Այսօր տեղի է ունեցել ԱԿԲԱ Բանկի ռեբրենդինգի միջոցառումը, որ հեռարձակվել է նաեւ առցանց։ Միջոցառմանը ներկա էին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը եւ այլք։

Սկզբում հյուրերին եւ ունկնդիրներին ցուցադրվել է տեսաֆիլմ, որը ներկայացնում էր բանկի անցած ճանապարհը։ Դրան հաջորդել է պաշտոնական մասը։

ԱԿԲԱ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանն իր ելույթում նշել է, որ ռեբրենդինգի գործընթացը սկսել եւ ավարտել էին նախքան պատերազմը, սակայն ստիպված են եղել հետաձգել։

«Նպատակ ունեինք հիմա էլ չանել, բայց երկար մտածելուց հետո որոշեցինք՝ հենց հիմա է պետք անել այս միջոցառումը, որ մարդկանց ցույց տանք՝ կյանքը շարունակվում է։ Պետք է իրագործենք բոլոր նպատակներն ու երազանքները, որ ունեինք մինչեւ պատերազմը, ու պետք է շարունակենք ապրել»,- նշել է նա։

Հակոբ Անդրեասյանը հավելել է, որ բացի նոր տեխնոլոգիական լուծումներ ներդնելուց, բանկը պետք է նաեւ մարդկանց կողքին լինի։ Ռեբրենդինգի միջոցով բանկը փորձում է նաեւ նոր տեխնոլոգիական լուծումներով հեշտացնել մարդկանց կյանքը։

«Ռեբրենդինգն իրականացնող ընկերությունն ազատ է եղել որոշումներ կայացնելու եւ առաջարկներ ներկայացնելու հարցում։ Երկարատեւ աշխատանքից հետո ունենք նոր ԱԿԲԱ, երիտասարդ ԱԿԲԱ, որը շատ ամբիցիցոզ է, ոգեւշնչված, ներշնչված իր հաճախորդներով, թիմի անդամներով, հայրենիքը պաշտպանող զինվորներով եւ այն երեխաներով, որոնք մեր ապագան են»,- նշել է նա՝ հավելելով, որ իրենք հավատում են Հայաստանի լուսավոր ապագային։ Բանկի նոր կարգախոսը՝ Inspired by you (Ոգեշնչված ձեզնով) ամփոփում է այս գաղափարը։



Տիգրան Ավինյանն իր ելույթում նշել է, որ ԱԿԲԱ Բանկը կառավարության լավ գործընկերն է։ «Կառավարությունն այս տարի 13 ծրագիր ունի գյուղատնտեսությանն ուղված։ Այստեղ մեր հիմնական գործընկերը ԱԿԲԱ բանկն է։ Մաղթում եմ ամենայն հաջողություն եւ ուզում եմ մեկ շեշտադրում անել։ Ձեր տեսահոլովակի վերջում ասվում է՝ ամեն ինչ լավ է լինելու։ Ես ուզում եմ վստահեցնել, որ չնայած ծանր ժամանակներին եւ ծանրագույն հետեւանքներին՝ ամեն ինչ լավ է լինելու»,- նշել է փոխվարչապետը։

Պաշտոնական մասից հետո մեկնարկել է պանելային քննարկումը, որին մասնակցելու համար բեմահարթակ են հրավիրվել ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Բարձր տեխնոլոգիական արտադրության նախարար Հակոբ Արշակյանը, ԱԿԲԱ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

«Խնդիրդ դարձրու հնարավորություն» խորագրով քննարկման ընթացքում բանախոսները ներկայացրել են Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարներնի ու առկա մարտահրավերների վերաբերյալ իրենց կարծիքները։
Դիտում՝ 5164
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW