Կոնվերս Բանկն արժանացել է Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) Առեւտրի Աջակցման Ծրագրի «Տարվա Գործարք - Կանաչ Առեւտուր 2019» հեղինակավոր մրցանակին՝ ջրի բնական ռեսուրսների խնայմանն ու արդյունավետ ջրօգտագործմանն ուղղված տեխնոլոգիաների ներդրմանն աջակցելու համար: «Կանաչ ֆինանսավորումը Բանկի ռազմավարությամբ ամրագրված գերակա ուղղություններից է, եւ ՎԶԵԲ-ի այս մրցանակը հերթական անգամ ապացուցում է էներգաարդյունավետ եւ կանաչ վարկավորման խթանման ուղղությամբ Կոնվերս Բանկի ջանքերի արդյունավետությունը: Նախորդ տարի այս պատվավոր մրցանակով ՎԶԵԲ-ը արձանագրեց մեր հաջողությունը՝ Էներգաարդյունավետությանը միտված նախագծում, իսկ այս տարի՝ արդյունավետ ջրօգտագործման նախագծում: Շնորհակալություն ենք հայտնում մեր երկարամյա գործընկերներին՝ ՎԶԵԲ-ին եւ գերմանական Կոմմերցբանկին, շարունակական վստահության եւ աջակցության համար, ինչը թույլ է տալիս առավել հաստատուն գործել մեր միջազգային նախաձեռնություններում»,- ասել է Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ Արթուր Հակոբյանը: «Մինչեւ համաճարակի տարածումը առեւտրի ֆինանսավորումն արդեն իսկ մեծ ճնշման տակ էր գնալով աճող պրոտեկցիոնիզմի եւ աշխարհաքաղաքական մարտահրավերների պատճառով: Սկզբնական շրջանում համաճարակը լուրջ խաթարումներ առաջացրեց առեւտրային հոսքերում, սակայն պարզվում է՝ համաշխարհային առեւտուրն ավելի դիմացկուն է, քան կարող էինք ենթադրել: Այսօր այն էական դեր է խաղում համաշխարհային տնտեսության կայունության պահպանման գործում: Այդուհանդերձ, առեւտուրը՝ գուցե նույնիսկ ավելի, քան տնտեսության մյուս ուղղությունները, կրում է հատուկ պատասխանատվություն համաճարակից հետո ավելի լավ աշխարհ կառուցելու հարցում. աշխարհ, որն ավելի կանաչ է եւ կայուն: Մենք երկար տարիներ աշխատում ենք մեր հաճախորդների հետ կանաչ առեւտրի խթանման ուղղությամբ, եւ մենք հպարտ եւ ուրախ ենք ճանաչել նրանց ձեռքբերումները Green TFP մրցանակների միջոցով»,- նշել է ՎԶԵԲ Ֆինանսական հաստատությունների գծով գլխավոր տնօրեն Ֆրենսիս Մալիժը: «Commerzbank-ն անչափ ուրախ է, որ ՎԶԵԲ-ն ընտրել է հենց այս գործարքն իր հեղինակավոր «կանաչ առեւտուր» մրցանակի համար: Միջազգային առեւտրի աջակցությունը մշտապես եղել է առաջնահերթություն մեր օրակարգում: Վերջին տարիների ընթացքում կայուն ֆինանսավորումը եւս Commerzbank-ի հիմնական ուղղություններից մեկն է դարձել: Եվ մենք անչափ հպարտ ենք, որ մեր արժեքավոր գործընկեր Converse Bank-ը եւ Commerzbank-ը համատեղ արժանացել են ՎԶԵԲ-ի՝ «Տարվա Գործարք - Կանաչ Առեւտուր պատվավոր մրցանակին»,- իր հերթին ասել է Commerzbank-ի ֆինանսական հաստատությունների տարածաշրջանային ղեկավար Հանս Կրոնը: «ԷՅ ԸՆԴ ԷՄ Ռեյր» ՍՊԸ-ին (ապրանքանիշը՝ RARE) ֆինանսավորումն իրականացվել է ՀՀ Կոտայքի մարզում քաղցրահամ եւ հանքային ջրերի արդյունահանման եւ շշալցման գործարանի հիմնադրման նպատակով: Բնական աղբյուրի ջուրը որեւէ կերպ չի մշակվում՝ կատարվում է միայն շշալցում՝ պահպանելով ջրի բոլոր բնական օգտակար հատկանիշները: Գործարանը կառուցվել է ամենաբարձր չափանիշներին համապատասխան՝ ներմուծվել եւ տեղադրվել են Գերմանական KHS ընկերության կողմից արտադրված ժամանակակից սարքավորումներ՝ Կոնվերս Բանկի կողմից փաստաթղթային ակրեդիտիվի թողարկման միջոցով: Ակրեդիտիվը հաստատվել է եվրոպական առաջատար Commerzbank AG բանկի կողմից եւ ապահովվել ՎԶԵԲ-ի՝ կոմերցիոն եւ քաղաքական հնարավոր ռիսկերը ծածկող 100% երաշխիքով: Կոնվերս Բանկն այս պահին նման պատվավոր մրցանակի արժանացած միակ հայաստանյան բանկն է: Tweet Դիտում՝ 6118