HSBC Հայաստանն ու ՔՈԱՖ-ն ամփոփել են համատեղ կրթաթոշակների ծրագիրը

12.02.2021 | 12:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#HSBC Հայաստան #ՔՈԱՖ #կրթաթոշակ
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (HSBC Հայաստան) եւ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամն (ՔՈԱՖ) առցանց ձեւաչափով ամփոփեցին 2019-2021 ուսումնական տարիների կրթաթոշակների ծրագիրը, որի նպատակն է աշխատաշուկայում մրցունակ, գիտակ եւ մասնագիտական հմտություններ ունեցող կադրերի պատրաստումը։

Նշված տարիների համար ծրագրային ընդհանուր ֆոնդը կազմել է 13.1 մլն դրամ, որից 9.7 մլն դրամը տրամադրել է HSBC Հայաստանը: Կրթաթոշակ են ստացել 20 մարզաբնակ ուսանողներ (ընդհանուր առմամբ՝ 50 կրթաթոշակ), որոնցից 18-ն արդեն անցել են մասնագիտական պրակտիկա Հայաստանի լավագույն 10 կազմակերպություններում։

Երկու կազմակերպությունների վեցամյա համագործակցության արդյունքում ավելի քան 100 մարզաբնակ ուսանողների ընձեռնվել է Հայաստանի պետական եւ մասնավոր բուհերում ու միջին մասնագիտական հաստատություններում ստացիոնար եւ հեռակա կրթություն ստանալու հնարավորություն։ Մինչ օրս ծրագրի արժեքը կազմել է ավելի քան $80․000։

«Գյուղական համայնքների բնակիչներին, մասնավորապես երիտասարդներին, իրենց ողջ ներուժի բացահայտման ու կիրառման հնարավորությունների ընձեռումը ՔՈԱՖ-ի առաքելության առանցքում է, ուստի HSBC Հայաստանի հետ համատեղ իրականացվող այս ծրագիրը մեզ համար շատ կարեւոր է․ պատահական չէ, որ արդեն 6 տարի շարունակ իրագործում ենք այն»,- ասել է ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը։

Ի լրումն ֆինանսական աջակցության՝ ՔՈԱՖ-ն ու HSBC Հայաստանն ուսանողների համար մշակել են կարիերայի զարգացման փաթեթ, որը ներառում է պրակտիկա, մենթորություն եւ աշխատունակության հմտությունների զարգացման դասընթացներ: HSBC Հայաստանի աշխատակիցները ծրագրի մենթորության բաղադրիչի շրջանակում հանդես են եկել նաեւ որպես կամավորներ:

«Մենք HSBC Հայաստանում քաջ գիտակցում ենք, որ կրթված եւ բանիմաց երիտասարդները հանդիսանում են երկրի տնտեսական եւ սոցիալական աճն ապահովող հիմնական ուժը: Հենց այս պատճառով արդեն իսկ 6 տարի է ինչ ՔՈԱՖ-ի հետ համատեղ իրականացնում ենք կրթաթոշակների ծրագիրը` հնարավորություն ընձեռելով մարզաբնակ երիտասարդներին իրենց լուման ունենալ երկրի եւ, մասնավորապես, իրենց հարազատ համայնքների զարգացման եւ բարգավաճման գործում»,- նշել է HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը:
Դիտում՝ 4794
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW