«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է ընդլայնել իր մարդասիրական ծրագիրն Արցախում: «Ավրորա»-ն գործի է դրել իր միջազգային հեղինակությունն ու նվիրատուների, փորձագետների, մարդասերների եւ շահառուների հսկայական ցանցը, որպեսզի աջակցություն տրամադրի արցախցիներին եւ տեղում ապահովի արդյունավետ լուծումներ: Հաշվի առնելով «Ավրորայի»՝ Արցախին ուղղված մարդասիրական ծրագրի ծավալը, որոշում կայացվեց ներգրավել համապատասխան փորձով տեղացի մասնագետի. «Ավրորայի» թիմին է միացել Արցախի կրթության, գիտության եւ սպորտի նախկին նախարար Նարինե Աղաբալյանը՝ որպես «Ավրորայի» արցախյան ծրագրի ղեկավար: Միաժամանակ «Ավրորան» շարունակում է հայտեր ընդունել կազմակերպություններից, որոնք աջակցության կարիք ունեն տեղերում: Նրանք կարող են իրենց հայտերն ուղարկել info@auroraprize.com էլեկտրոնային հասցեով: «Շատ կարեւոր է, որ «Ավրորան» կարողանում է օգնել կարիքի մեջ գտնվող մարդկանց ինչպես աշխարհի տարբեր անկյուններում, այնպես էլ մեծ ծավալի ծրագրեր իրականացնել Արցախում: «Ավրորան» արդեն աջակցել է մոտ 50 նախագծերի, որոնք ուղղված են տեղացիների առաջնային կարիքներին՝ փոխելով հազարավոր արցախցիների կյանքը: Մենք շատ ուրախ ենք, որ Նարինե Աղաբալյանը միացել է թիմին: Վստահաբար, նրա փորձառությունը կօգնի ծրագրերի էլ ավելի արդյունավետ իրագործմանը»,- ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Խորհրդի անդամ Արման Ջիլավյանը: Պատերազմից հետո «Ավրորա»-ն անհապաղ օգնություն է տրամադրել արցախցիներին #AraratChallenge նախաձեռնության միջոցով եւ արդեն $473.000 է տրամադրել ծրագրերին: Գործընկեր կազմակերպությունների հետ #AraratChallenge նախաձեռնությունն աջակցում է 48 նախագծերի, որոնք առաջին անհրաժեշտության պարագաներ են տրամադրում տեղահանված մարդկանց, ֆինանսական աջակցության միջոցով վերականգնում քաղաքացիական ենթակառուցվածքներն Արցախում, ինչպես նաեւ կապ ստեղծում կամավորների եւ մարդասիրական կազմակերպությունների միջեւ: Տարիների ընթացքում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը, Ռուբեն Վարդանյանը եւ նրանց հիմնադրած կազմակերպությունները ներգրավված են եղել Արցախում իրականացվող բազմաթիվ ծրագրերի: Դրանից բացի, «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի դափնեկիրները՝ սկսած առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեից, ամեն տարի այցելել են Արցախ՝ այն ներկայացնելով միջազգային հանրությանը: «2020 թ. աշնան պատերազմի հետեւանքները հաղթահարելը մարտահրավեր է յուրաքանչյուր հայի համար: «Ավրորա»-ն կարող է միավորել բոլորիս եւ օգնել հաղթահարել այն: Միասին մենք կարող ենք շատ ավելին անել, քան կարծում ենք»,- ասաց Նարինե Աղաբալյանը: Նա ծնվել է 1967 թ. Ստեփանակերտում: 2009–2020 թթ. աշխատել է Արցախի Հանրապետության կառավարությունում: Ավելի քան 8 տարի Նարինե Աղաբալյանը եղել է Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարը, ավելի ուշ՝ մինչեւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը միանալը, զբաղեցրել է Կրթության, գիտության եւ սպորտի նախարարի պաշտոնը: Որպես Արցախի ծրագրի ղեկավար՝ Նարինե Աղաբալյանը կհամակարգի «Ավրորայի» աջակցությամբ Արցախի համար իրականացվող նախագծերը, ինչպես նաեւ կմշակի հումանիտար հարթակ, որը կմիավորի շահագրգիռ բոլոր կողմերին եւ հնարավորություն կտա Արցախի վերականգնման հետ կապված հիմնական աշխատանքներն ու ֆինանսները համակարգել կենտրոնացված համակարգից: Tweet Դիտում՝ 5489